«Արդեն եղել է քաղաքական հեղափոխություն, իսկ այսօր պետք է լինի տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, մենք ուրեմն կողմ քվեարկել չենք կարող», - այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը։
Ճշտող հարցին, թե ի՞նչը հեղափոխական չէ և ըստ իրենց ի՞նչը պետք է փոխվի, Ծառուկյանը պատասխանեց. - «Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն այսօր այդտեղ բացակայում են, որևիցե թիվ, որ ասենք՝ 2019 թվականին ի՞նչ գումարներ, ի՞նչ աղբյուրներից պետք է դրվի, ի՞նչ ժամկետում և ի՞նչ մեխանիզմով դա պետք է իրականանա։ Կառավարության ցանկացած ծրագրում անհրաժեշտ են գումարներ դնել, գումարներ»։
Ծառուկյանն ընդգծեց՝ առանց գումար տնտեսական աճ չի կարող լինել. - «Ներդրումը դնում է անհատական մարդն՝ իր բիզնեսը զարգացնելու համար, ներդրման համար էլ, որ գրված է՝ «պետք է 15, 20 տոկոս աճ», հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Մենք չենք կարող գնալ, մարդկանց խնդրել՝ «եկեք, դրեք», ներդրման համար անհրաժեշտ են օրենքներ փոխվի, պայմաններ, ամբողջ աշխարհում հրատարակվի, որ Հայաստանի նոր կառավարությունը ներկայացնում է այսպիսի ծրագրեր, հնարավորություններ, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրողների համար, արդյունավետ լինի, շահույթն՝ ավելի մեծ, որ ներդրողները գան, ցանկություն հայտնեն, կառավարությունն էլ որոշի՝ ներդրողներից ով ավելի կայացած է, ով ավելի մեծ փորձ ունի, այդ հնարավորությունը տրվի այդ ներդրողին»։
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ քաղաքական հեղափոխության համար հարկավոր է, որ ժողովուրդն ունենա «դուխ ու կամք», իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է «փող, փողի աղբյուր, ժամկետ և մեխանիզմ, որն այսօր բացակայում է»։
Միևնույն ժամանակ, Ծառուկյանն ընդգծեց՝ ծրագիրը կարդացել ու քննարկել են կետ առ կետ, շատ գեղեցիկ է գրված՝ «կամեցողություններով», «ցանկություններով լի»։
«Կան մի երկու-երեք դրույթներ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը փոփոխություններ կզգա իր կյանքում», - ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։