Ադրբեջանական լոբբիստը ԱՄՆ-ում երկու տարվա ազատազրկման դատապարտվեց

Հայաստանի ոստիկանությունը հարցաքննում է Քեմալ Օքսուզին, 29-ը նոյեմբերի, 2018թ․

Լոբբիստական գործունեությունը կարգավորող ամերիկյան օրենսդրության մի շարք դրույթներ խախտելու մեջ մեղավոր ճանաչված ադրբեջանական լոբբիստ Քեմալ Օքսուզը Միացյալ Նահանգներում երկու տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան պարտավորեցրել է նաև 20 հազար դոլար տուգանք վճարել:

Ըստ մեղադրանքի՝ Օքսուզը 2013 թվականին ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով Ադրբեջանի իշխանություններից ֆինանսավորում է ստացել, ինչը փորձել է թաքցնել:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ Քեմալ Օքսուզը դատական լսումների ընթացքում խոստովանել է, որ «հատուկ սխեմա է մշակել, որի միջոցով կոնգրեսականների այցը ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջոցներով»:

Օքսուզը ձերբակալվել է 2018 թվականի օգոստոսին Երևանում և արտահանձնվել ամերիկյան իրավապահներին: Ըստ հայկական աղբյուրների՝ թուրքական և ամերիկյան անձնագիր ունեցող Օքսուզը Երևանում հիմնել էր «Դե Սենա Գրուփ» ընկերությունը` զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ: