«Ազգային ժողովի բարձր ամբիոնից ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը». Փաշինյան

Կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բազմապատկմանը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը։

Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։

«2018-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից, և մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կառավարությունն ու Ազգային ժողովն ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական ներուժ՝ վերը նշված խնդիրների համար, և ուրեմն, ինչպես 2018 թվականի ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկն, այնպես էլ հիմա Ազգային ժողովի բարձր ամբիոնից, Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի առաջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի առաջ ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը», - ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում։

Վարչապետը մեջբերեց կառավարության ծրագրից մի հատված, որտեղ նշված է. - «Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի կառավարություն գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն», այնուհետև մանրամասնեց. - «Գործնականում սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները»։