Պարգևավճարներ չանելը «չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Ազատություն». - 5 միլիոն դրամը ի՞նչ էր ներառում իր մեջ։ Հերթով ասեք թվերով՝ աշխատավարձ, պարգևավճար։
Ջանջուղազյան. - Եթե մենք ուզում ենք դատողություն անել վարձրատրության վերաբերյալ, տրամաբանական է ոչ թե վերցնել դեկտեմբերը, այլ վերցնել ամբողջ տարին։ Միայն այդ դեպքում մենք կունենանք պատկերը, թե ինչպիսին է։ Ֆինանսների նախարարի և նախարարի առաջին տեղակալի վարձատրության տարբերությունը 17 և 18 թվականին եղել է մոտավորապես 10 տոկոսի չափ։ Ես կարծում եմ, որ առնվազն 10 տոկոսի չափ կարող ենք գնահատել, որ Ֆինանսների նախարարի պատասխանատվությունն ավելին է, քան Ֆինանսների նախարարի առաջին տեղակալինը։ 5 միլիոն դրամն իր մեջ ներառում է երկու ամսվա աշխատավարձ և պարգևավճար և այսպես կոչված 13-րդ աշխատավարձ, որը ասում եմ այսպես կոչված, որովհետև իրականում իր անունը 13-րդ աշխատավարձ չի, դա նույնպես, ըստ էության, պարգևավճար է, բայց դա օրենքով սահմանված է որպես լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։
«Ազատություն». - Այս երկրում ինձ և Ձեզ զուգահեռ ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են և ստանում են գրոշներ, այս դեպքում Դուք Ձեզ այդ թվերը, պարգևավճարները գրելիս չմտածեցի՞ք, որ «այս տարի չանեմ», կամ չգիտեի՞ք, որ այսպիսի արձագանք կլինի։
Ջանջուղազյան. - Ոչ, և չեմ կարծում, թե դա ճիշտ ճանապարհ է, որովհետև այլընտրանք միշտ կա։ Հիմա ընտրության հարց է՝ գնալ այն ճանապարհով, որ, ասենք, մենք չենք ուզում որևէ բան փոխվի, թե գնանք էն ճանապարհով, որ մենք ուզում ենք ինչ-որ բան փոխվի, և դրա ճանապարհը տեսնում ենք նրա մեջ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով և իր գործը լավագույնս անի։ Մեր կարծիքով, ճիշտ ճանապարհը երկրորդն է, որովհետև առաջինը մենք փորձել ենք տասնամյակներ շարունակ և չի ստացվել։
«Ազատություն». - Չեք ընդունո՞ւմ, որ այս 5 միլիոնը շատ ճոխ թիվ է մի երկրի համար, որտեղ աղքատության ցուցանիշը 30 տոկոսից ավելի է։ Օրինակ, դպրոցում, պոլիկլինիկայում ուսուցիչները, բժիշկները ստանում են, իրենց խոսքով, ծիծաղելի թվեր՝ երբեմն 50 հազար, երբեմն նվազագույն աշխատավարձից էլ քիչ։
Ջանջուղազյան. - Ինչպե՞ս պետք է դատողություն անել, եկեք փորձենք. էդ շատն ու քիչը պետք է ինչ-որ բանի հետ համեմատենք, ինչի՞ հետ պետք է համեմատենք, մեր կարծիքով՝ պետք է համեմատենք համանման աշխատանքի հետ: Այսինքն՝ մեր երկրում կա ձևավորված աշխատուժի շուկա, ինչպիսի՞ն է այդ աշխատուժի շուկան և ինչի՞ն է համապատասխանում մոտավորապես Ֆինանսների նախարարի պաշտոնը, որը պատասխանատվություն է կրում 1,6 տրիլիոն դրամ բյուջեի շրջանառությունը կազմակերպելու համար, պատասխանատվություն է կրում մոտավորապես 6,5 միլիարդ դոլար պետական պարտքի կառավարումը կազմակերպելու համար։ Եկեք փորձենք համեմատել համեմատելիի հետ. կարող ենք պատկերացնել, օրինակ, համադրելի, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև չկա ֆինանսաբանկային համակարգում որևէ կազմակերպություն, որը համանման շրջանառություն ունենա, բայց վերցնենք միջինից մի քիչ բարձր կազմակերպությունը, մեր պատկերացմամբ, օրինակ, ո՞ւմ կվստահվի էդ կազմակերպության ղեկավարումը՝ գործադիր ղեկավարման մասին է խոսքը, ոչ թե սեփականատիրոջ, ո՞ւմ կվստահվի․ հավանաբար կհամաձայնվենք, որ ամսական 100, 200 հազար դրամ վարձատրության համապատասխանող աշխատակցին չի վստահվի այսպիսի աշխատանքը: Հիմա, եթե մենք չենք պատրաստվում համեմատությունները համադրելի աշխատատեղերի միջև տանենք, ապա իհարկե այդ հարցը լեգիտիմ է և իրավունք ունի։ Բայց եկեք հարցին մյուս կողմից նայենք՝ մենք մշտապես դժգոհ ենք, չէ՞, հանրային ծառայությունների որակից, չեք գտնի մեր երկրում մարդ, ով բավարարված լինի մեր երկրի հանրային ծառայությունների որակից, և մշտապես օգտագործվում է այդ փաստարկը, որ «դե, էս վարձատրության համակարգով սրանից ավելի որակով չենք էլ կարող ունենալ»: Հիմա հարցը գալիս է հանգում է դրան՝ մենք արդյո՞ք համաձայն ենք և համակերպվո՞ւմ ենք էդ վիճակի և փաստարկի հետ, թե՞՝ ոչ․ մենք գնացել ենք այն ճանապարհով, որ՝ ո՛չ, համաձայն չենք և չենք համակերպվում նրա հետ: Ավելին ասեմ՝ մենք լրացուցիչ որևէ գումար չենք օգտագործել ոչ 2018 թվականին, ոչ էլ պատրաստվում ենք 2019-ին օգտագործել, այսինքն՝ բոլոր միջոցները եղել են բացառապես բյուջեով նախատեսված միջոցներ, խոսքը չի վերաբերում լրացուցիչին, իսկ բյուջեով նախատեսումը դա օրենքով սահմանված չափեր են։
«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է՝ պարոն Ջանջուղազյան, Ձեր կարծիքով արդա՞ր է, օրինակ, որ Դուք ստանում եք 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուս նախարարները՝ 200-250 հազար։
Ջանջուղազյան. - Նախ տարօրինակ է, որ այդպիսի կարծիք է ստացվել, որ աշխատանքի վարձատրությունը նախարարների համար տարբերվում է։ Մեր երկրում 2013 թվականին ընդունվել է օրենք, որը պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասին է, և ըստ այդ օրենքի՝ նախարարների, և ոչ միայն նախարարների, այլ պետական պաշտոն զբաղեցնողների համար սահմանված է, թե ով ինչքան պետք է վարձատրվի, և այդ վարձատրության չափերին համապատասխան գործակիցներ են նախատեսված յուրաքանչյուր պաշտոնի համար։ Բոլոր նախարարների, միայն աշխատավարձի մասը, միևնույն չափով է սահմանել օրենսդիրը։