Հնաբերդում բոլոր տները ջեռուցվում են աթարով

13 տարեկան Նաիրին 7 հոգանոց ընտանիքի միակ տղան է։ Տան վառարանը վառելու և տաք պահելու գործը հենց նրան է հանձնարարված։ Դժվարությամբ, բայց պատվով է կատարում։ Գործի է անցնում հենց վառելիքի ձեռքբերման շրջանից, երբ սարերից չոր գողմաղբը տուն են բերում, ամբարում ձմռան համար։

Մոտ 500 տուն ունեցող Հնաբերդում բոլորն են աթարով ջեռուցում տները։ Խորհրդային տարիներին ածուխ են վառել։ Բայց այսօր ինչպես փայտը, այնպես էլ ածուխը թանկ են, գյուղացիները չեն կարողանում գնել։ Ածուխի տարիներն էլ, ասում են, այնքան վաղ էր, որ արդեն չեն հիշում։

«Կոմունիստների ժամանակ ա եղել ածուխ: Հիմա էլ կա, բայց ո՞վ փող ունի, որ տա ածուխ առնի», - ասաց գյուղացիներից մեկը:

Արագածոտնի մարզի այս գյուղում գազ չկա։ Ինչպես գյուղացիներն են ասում, արդեն հույս ևս չկա, որ Հնաբերդը երբևէ կգազաֆիկացվի։

Այդ մասին առայժմ միայն խոստումներ են լսել, այն էլ ընտրություններից ընտրություններ․ - «Ամեն ընտրության ժամանակ եկել խոստացել են, որ գազ կքաշենք, էսի կանենք, էնի կանենք․․․ ընտրությունն ավարտվել, գնացել են: Էլ դրանց երեսը մենք չենք տեսել»:

Հնաբերդում ձմեռները ցրտաշունչ են լինում։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ գազով իրենց տները չեն կարողանա ջեռուցել։ Ծախսը շատ կլինի, այդքան գումար էլ չեն ունենա։ Այդքան գումար կարող են վճարել այն ընտանիքները, որոնք արտագնա աշխատանքի մեկնողներ ունեն։

Գյուղում շատերը վարկեր են վերցնում, որպեսզի անասնապահությամբ զբաղվեն։ Բարձր տոկոսների պատճառով չեն կարողանում եկամուտ ստանալ և ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում վարկերը մարելու համար։

Երևանից 98 կիլոմետր հեռու գյուղում դեռ կան երեխաներ, ովքեր երբևէ չեն եղել մայրաքաղաքում։ 13-ամյա Նաիրին երազանքներ չի պահում, բայց ուզում է մի օր Երևանում լինել: