«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր». Արմեն Սարգսյանը հանդիպել է THALES-ի ղեկավարների հետ

«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր», - այսօր հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավար կազմի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։

Զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար, ասված է ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ Արմեն Սարգսյանը հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։

ՀՀ նախագահն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։

THALES Group ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: