«Ամսի 23-ին տեղի ունեցավ հանդիպում Զինված ուժերի սպայակազմի հետ: Հանդիպումից հետո, արդեն օրվա երկրորդ կեսին, տեղի ունեցավ 0038 հրամանի ստեղծումը», - նշեց Մելքոնյանը:
Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին փոխանցել էր, որ դատարանի դահլիճում ունեցած ելույթում Քոչարյանն ասել է՝ ինչպես Պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ՝ 0038 հրամանը, ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևիցե չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահը դրանց ծանոթանա կամ իր հավանությունը տա:
Պաշտպանության նախկին փոխնախարարը հիշեցնում է, որ այդ հրամանից հետո զորքերի տեղաշարժ է սկսվել, անգամ՝ Արցախից դեպի Երևան․ - «Ես չեմ կարծում, որ ինքը տեղյակ չի 0038 հրամանից, քանի որ էդ հրամանը իր հրահանգից հետո նոր ծնվել էր: Հրահանգից հետո կորպուսներից արդեն Երևան տեղափոխեցին ամեն կորպուսից 10-120 մարդ: Ղարաբաղից էլ բերեցին մարդկանց, տեղակայեցին Երևանում տարբեր զորամասերում»:
Իսկ մինչև բարձրագույն սպայական կազմի հետ հանդիպումը, նախ Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է կանչել փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանին, Մանվել Գրիգորյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանին: Քոչարյանին բարկացրել էր, որ Ազատության հրապարակում Գագիկ Մելքոնյանի և Մանվել Գրիգորյանի անունները հնչեցրել էր շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հանդիպումից մանրամասներ է հիշում պաշտպանության նախկին փոխնախարարը․ - «Ռոբերտ Քոչարյանը բարկացած էր շատ խիստ, հատկապես նրա համար, որ մեր անունները վանկարկվեր էր հրապարակում: Մանվելը չէր եկել: Ինքը ինձ հարց տվեց, ասեց՝ Դո՞ւք եք երաշխավորը, որ բանակը չպիտի մտնի ժողովրդի դեմ: Ասեցի՝ ես չեմ կարա երաշխավոր լինեմ, որովհետև երկրի նախագահը Դուք եք, Դուք եք երկրի ու ժողովրդի երաշխավորը: Դրանից հետո փակվել ա խոսակցությունը: Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին ընդհանուր հավաք կազմակերպեցին Գլխավոր շտաբում, և էդ հավաքի ժամանակ արդեն ինքը տվեց բոլոր հրահանգները»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի այն պնդումներին, թե բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելու փորձ էին անում ընդդիմությունը և պաշտպանության փոխնախարարները, ինից դրված ինքը բանակի պատասխանատուներին հրահանգել է չեզոքությունը պաշտպանել՝ Մելքոնյանը կրկին հիշեցրեց, որ չի թաքցրել իր համակրանքը ժողովրդական շարժման նկատմամբ, բայց հենց սկզբից ինքն է պնդել, որ բանակը չպետք է ներգրավվի այդ գործընթացներին․ - «Բանակի կողմից չենք խոսացել: Մենք խոսացել ենք մեր կողմից․․․ Մենք ունեցել ենք երկրապահ կամավորականներից, հատուկ գնդի վետերաններից, որոնք արդեն անցել են հանգստի, էդ տղաներն են միացել ժողովրդին: Նրանք ժողովրդից ծնված մարդիկ են, որոնք ժողովրդի կողքից էլ կանգնած են եղել, մինչև էսօր էլ կանգնած են: Եվ էս հեղափոխության ժամանակ էլ էդ բոլոր տղաները եղել են հրապարակում»:
Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ է արվել 2008-ի ապրիլին: Մարտի 1-ի գործով կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրյալի կարգավիճակում են Սեյրան Օհանյանը, Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարված: Այս գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին նախագահ, 2008-ի շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: