Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Պաշտպանական կողմը որևէ բանից կաշկանդված չէ՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: - «Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները՝ և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին։ Օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը, քննարկման փուլում է, և նաև նախորդ՝ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո տրված է արդեն վճռաբեկ բողոքը»։
Դեկտեմբերին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր կես տարի։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինել էր 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Իսկ արդեն հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվեց։
Այսօր Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նա գտնվում է հիվանդասենյակում, Վերակենդանացման բաժանմունքի հսկողության և բուժման կարիքը չունի:
«Այսօր նա տեղափոխվել է 10։30-ի սահմաններում, բերվել է պահակախմբի ուղեկցությամբ և կալանավայրի բժշկի ուղեկցությամբ, ընդունվել է հերթական հետազոտությունն անցելու համար», - նշեց Անատոլի Գնունին։
«Ազատության» հարցին՝ երկա՞ր է մանլու, թե՞ ոչ, պատասխանեց. «Չեմ կարող ասել, դա կապված է այն հետազոտություններից և հետազոտությունների արդյունքից, որ մենք կունանանք»։
Հարցին էլ, թե պաշտպանական կողմը պնդում է, որ Մանվել Գրիգորյանը ծանր առողջական վիճակում է գտնվում, կան 10-ից ավելի հիվանդություններ, արդյո՞ք սա է եղել պատճառը, թե՞ ընդամենը հերթական հետազոտությունն է սա, Անատոլի Գնունին պատասխանեց. «Իր առկա հիվանդությունները գաղտնիք չեն, ինքը ունի բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ։ Այս պահի համար մենք չենք կարող մեկնաբանել, ասել վիճակի ծանրությունը, որովհետև դեռ չունենք այն հետազոտությունների արդյունքները, որպեսզի կարողանանք վերծանել և գնահատել հիվանդի վիճակը։ Գտնվում է բաժանմունքում, գտնվում է պալատում և Վերակենդանացման բաժանմունքի հսկողության կամ բուժման կարիք չունի»։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Ազատությանն» ասաց՝ Մանվել Գրիգորյանը մշտապես գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո։
«Այսօր պարզապես տեղափոխել են, որպեսզի հերթական հետազոտությունը կատարեն։ Էդպես չի, որ ինքը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, մենք տեղափոխել ենք դրա համար․ հերթական, պլանային կարգով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտման», - ասաց Նավիկյանը:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը պնդում է՝ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ավելի է վատացել:
«Երկրորդ անգամվա կալանավորումը է՛լ ավելի բարդ հետևանքների բերեց։ Երկու ավելացած հիվանդությունները զարգանում են», - ասաց Մկրտչյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ որպեսզի հանրության մոտ վստահություն առաջանա, որ բժշկական օգնություն տրամադրելու համար քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն անհրաժեշտ է, պաշտպանական կողմը պետք է օբյեկտիվ տվյալներ ներկայացնի:
«Տեղեկություններ ներկայացնեն, որ իրապես առողջական վիճակն այնքան վատ է կամ առողջական այնպիսի խնդիրներ կան, որոնց լուծման համար, կամ որոնց հիմքով բժշկական օգնություն ցույց տալը քրեակատարողական հիմնարկում անհնար է։ Սա պետք է լինի միանշանակ, ես կարծում եմ, որ իրենց շահերից է նաև բխում», - նշեց Սաքունցը։
Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։