Ռուսաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար: «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին», - ասել է Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուն ընդգծել է, որ այդ օգնությունը առավել կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց չեն տեսել նորմալ, խաղաղ կյանք և 5-7 տարի զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից: «Այս մարդասիրական առաքելությունը, անշուտ, էական ներդրում էր տեղում բնականոն կյանքը վերականգնելու գործում», - ասել է Ռուաստանի պաշտպանության նախարարը:
Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ: Ըստ ռուսական աղբյուրների, Տոնոյանը ասել է, թե Ռուսաստանը նպաստում է հետպատերազմյան Սիրիայի վերականգնմանը: «Կարծում եմ՝ Հայաստանի մասնակցությունը այդ մարդասիրական գործողությանը շատ կարևոր է: Շատ կարևոր է օգնել Սիրիայի ժողովրդին, որի մի մասը հայկական համայնքն է», - ասել է Հայասռտանի պաշտպանության նախարարը:
Սիրիայում համատեղ իրականացվող մարդասիրական առաքելությունից բացի, երկու նախարարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Շոյգուն ընդգծել է՝ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում: «Մենք դա մեկ անգամ չէ, որ հավաստել ենք մեր գործողություններով, համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք իրականացնում ենք բավականին հաջող՝ արդեն տևական ժամանակ: Խոսքը և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական համագործակցության մասին է», - ասել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Տոնոյանն էլ պնդել է, թե ռուսական ուժերը մեծ դեր են խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների վերսկսման վտանգը նվազեցնելու գործում: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակը, հատկապես՝ ռազմական ոլորտում», - ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով․ - «Ես վստահ եմ, որ Ռուսաստանի զինված ուժերը շատ մեծ դեր են խաղում տարածաշրջանում լարվածությունը մեղմելու, ռազմական գործողությունների վտանգը նվազեցնելու հարցում»:
Մինչ այդ՝ երեկ էլ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևին: Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա ուղենիշները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական կողմը վերջերս Ռուսաստանից բազմաֆուկցիոնալ չորս կործանիչ՝ Սու-30 է գնել, ինչը ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը բնորոշել էր որպես մեծ ձեռքբերում Հայաստանի համար:
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է՝ Մոսկվան ու Երևանը մտադիր են է՛լ ավելի ընդարձակել ռազմական համագործակցությունը: «Հուսով եմ, որ մենք այսօր Ձեզ հետ հերթական փաստաթուղթը կստորագրենք, որը թույլ կտա ընդարձակել մեր դաշնակցային համագործակցության շրջանակը», - ասել է Սերգեյ Շոյգուն: Ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ, սակայն, առայժմ չեն հաղորդվում: