Ֆրանսիան հայտարարում է, որ աջակցում է Եվրամիության էներգետիկ ոլորտի կանոնների փոփոխություններին, որոնք կարող են վտանգի տակ դնել Բալթիկ ծովով Ռուսաստանի և Գերմանիայի միջև ստորջրյա գազատարի կառուցման աշխատանքների ավարտը:
Այս քայլը կարող է վեճ առաջացնել Փարիզի և Բեռլինի միջև։
Եվրամիության անդամ երկրները այսօր Բրյուսելում մտադիր են քննարկել ԵՄ գազի շուկայի կարգավորումները «Հյուսիսային հոսք 2» և նման այլ օֆշորային գազատարների վրա տարածելու հարցը:
Ռուսաստանն ու Գերմանիան միացնող 11 միլիարդ դոլար արժողությամբ 1230 կիլոմետր երկարությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարով նախատեսվում է ռուսական գազը հասցնել Արևմտյան Եվրոպա։ Քննադատները պնդում են, որ դա կմեծացնի կախվածությունը Ռուսաստանից, կհարստացնի նրա էներգետիկ ընկերություններին, և դա այն դեպքում, երբ Մոսկվային համարում են սպառնալիք եվրոպական անվտանգությանը։