Սերժ Սարգսյանը ղարաբաղցիներին փորձում էր պատրաստել զիջումների. Բադասյան

Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Վահան Բադասյանը պնդում է ՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է:

«Ազատության» հետ զրույցում Բադասյանն ասաց, որ 2016-ի հուլիսի 16-ին, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մոտ 2 տասնյակ պաշտոնյաներին ու շարժման ակտիվստներին և քննարկել տարածքների զիջման հարցը: Սերժ Սարգսյանը, ըստ Բադասյանի, փորձում էր հասարակությանը պատրաստել դրան:

Ի դեպ, քաղաքական գործիչը հիշեցնում է՝ այդ հայտնի քննարկման հաջորդ օրը, վաղ առավոտյան, 2016 հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի տարածքի գրավումը։

Բադասյան. - Հանդիպել են և քննարկել են տարածքների զիջման հարցը։ Այո՛, այնտեղ եղել են խայտառակ կարծիքներ, տեղյակ եմ դրան, հիմա չեմ ուզում անուններ նշել, բայց, ընդհանուր առմամբ, խոսքը գնացել է զիջման վերաբերյալ։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանը կոնկրետ զիջումների մասին է խոսե՞լ։

Բադասյան. - Իմ ունեցած տվյալների համաձայն, կոնկրետ զիջումների մասին է եղել տեղեկությունները։

«Ազատություն». - Ի՞նչ տարածքային զիջումների մասին է խոսքը եղել, եթե ունեք այդ տեղեկատվությունը։

Բադասյան. - Մադրիդյան սկզբունքների իրականացման մասին։ Հիմա դա եղել է, չի եղել, սա չի հարցը, հարցն այն է, որ Մադրիդյան սկզբունքը ստորագրված է և այն կյանքի կոչելու համար ամեն ինչ անում էին։ Իսկ Արցախի իշխանությունները լուռ համաձայն էին, ոչ մեկը չէր խոսում։ Հիմա կարող են ասել, փակագծեր բացել, բայց արդեն ուշ է, դա խայտառակություն է մեր համար, մեր ժողովրդի համար, դա պարտություն է և այնտեղ չի նշվում, թե կոնկրետ Ադրբեջանն ինչ էր զիջում, այնտեղ միանշանակ միայն հայկական կողմի միակողմանիորեն զիջումն էր։

«Ազատություն». - Դուք իսկապես ռեա՞լ եք համարում, որ Սերժ Սարգսյանը՝ լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած, պատրաստ է եղել գնալ զիջումների, հանուն ինչի՞ պետք է դա աներ։

Բադասյան. - Փաստորեն ստորագրել է և նա ուզում էր պատրաստել հասարակությանը դրան։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ այդօրինակ զիջումները կընդունեի՞ն ղարաբաղցիները։

Բադասյան. - Ո՛չ, միանշանակ՝ ո՛չ, դրա համար իրենք ուզում էին հեղինակավոր մարդկանց միջոցով անեին դա, ու տեսնեին ինչ է պետք, որպեսզի գնային, Արցախի ժողովրդին համոզեին։

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե 2017-ին Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերնախավին հավաքել է դահլիճում և խոսել տարածքային զիջումների մասին։ Բաբայանը շեշտել է, թե Ղարաբաղի վերնախավը որևէ կերպ չի ընդդիմացել Սերժ Սարգսյանին:

Ղարաբաղի իշխանությունները, մինչդեռ, հակադարձում են. Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իր գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով:

Ղուլյանն, ըստ էության, հաստատել է, որ Արցախի քաղաքական ուժերը 2016-ի հուլիսին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, և որպես այդ հանդիպման մասնակից՝ Արցախի խորհրդարանի նախագահը գրել է. - «Թե ի՞նչ է քննարկվել Հայաստանի նախկին նախագահի հետ և որո՞նք էին հետևանքները, կարծում եմ, ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»։