Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում գործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, և այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է Հայաստանի համար։
Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու և գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։