Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործով դատախազը։
Ըստ դատախազի` Քոչարյանը ներկա է եղել այսօրվա նիստին։
«Որոշումը կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի որոշումը «քաղաքական բնույթի» որակեց՝ նշելով՝ «այն կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»։
«Էս գործով մեզ համար ամեն ինչ սպասելի է։ Էս որոշումը գնահատում եմ բացասական և համարում եմ որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Էս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած, իրավաբանությունն էս որոշման մեջ հավասար է զրոյի», - ասաց Ալումյանը՝ շարունակելով. - «Պրոցեսն ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, որոշումը, որը կայացվեց, իրավաբանության հետ որևէ առնչություն չունեցող որոշում է, որովհետև որևէ անաչառ իրավաբան, եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն մի 10 հիմք կգտներ, որոնց միջոցով Քոչարյանն ազատ կարձակվեր»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ալումյանն ասաց, որ նիստից հետո Քոչարյանի հետ զրուցել են, վերջինս համոզմունք է հայտնել, որ «էս գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման»։
Փաստաբանի խոսքով՝ որոշումը բողոքարկվելու է։ «Հերթական բողոքն է գնալու Եվրոպական դատարան, զուգահեռ՝ Վճռաբեկ դատարան», - ասաց Ալումյանը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ավարտվել է փետրվարի 4-ին։ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ին որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի կալանքը:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: