Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին հայտարարել է՝ Եվրոպական միության երկրները «Բրեքզիթ»-ի հարցով նոր առաջարկներ չունեն: Տուսկը հիշեցրել է՝ Մեծ Բրիտանիային մնացել է ընդամենը 50 օր կառույցը լքելու համար:
«Ներկա պահին ամենակարևոր խնդիրն է թույլ չտալ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը: Եվ ես կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ ԵՄ 27 երկրների դիրքորոշումը հստակ արտահայտված է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համաձայնեցված փաստաթղթերում», - նախօրեին հայտարարել է Տուսկը Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ:
Դոնալդ Տուսկի այս հայտարարությունները հնչում են Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ այսօր նախատեսված հանդիպման նախաշեմին:
Ակնկալվում է, որ բրիտանական կառավարության ղեկավարը կփորձի զիջումներ կորզել այսպես կոչված «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում: Բրիտանական օրենսդիր մարմնի կողմից մերժված համաձայնագրում տեղ գտած այս դրույթը վերաբերում էր Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը: Նախատեսվում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ, եթե Լոնդոնը և Դուբլինը չկարողանան համաձայնության գալ ներիռլանդական սահմանի թափանցիկության շուրջ:
Իռլանդիա կղզու երկու հատվածներում սահմանային հսկողության բացակայությունը դարձավ այն առանցքային գործոնը, որը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորմանը: Լոնդոնում, սակայն, լուրջ մտավախություններ կան, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հյուսիսային Իռլանդիայի համար արվող բացառությունը կարող է վտանգել Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը:
Բրյուսելում, այդուհանդերձ, շարունակում են պնդել, որ Բրիտանիայում ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի պատճառ դարձած համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ անցկացնելու որևէ ցանկություն չունեն:
Դոնալդ Տուսկը առավել ուշագրավ հայտարարություն էլ է արել: «Ինձ հետաքրքիր է, թե ինչ տեսք ունի դժոխքում հատուկ վայրը այն մարդկանց համար, ովքեր «Բրեքզիթ» են իրականացնում առանց գործողությունների պլանի», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Այդուհանդերձ, Տուսկը հույս է հայտնել, որ այսօր Մեյից կառուցողական առաջարկներ կլսի փակուղուց դուրս գալու հարցով: