Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ արդեն հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարվի «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի կողմից ծայրահեղական խմբավորման նախկինում վերահսկած տարածքի լիակատար ազատագրման մասին: Այդ մասին նա ասել է «Իսլամական պետության» դեմ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հետ միասին պայքարող 79 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:
«Միացյալ Նահանգների զինված ուժերը, մեր կոալիցիոն գործընկերները և Սիրիայի դեմոկրատական ուժերն ազատագրել են Սիրիայում և Իրաքում նախկինում «Իսլամական պետության» վերահսկած գրեթե ամբողջ տարածքը», - հայտարարել է Թրամփը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեզ զինվորներին տանը դիմավորելու հնարավորությանը», - ասել է ԱՄՆ նախագահը `անդրադառնալով Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման իր ծրագրին։
Թրամփը անցած տարվա դեկտեմբերին հանդես եկավ ԱՄՆ օրենսդիրների և միջազգային դաշնակիցների համար անսպասելի հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մտադիր է Սիրիայից դուրս բերել շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայողներին:
Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոալիցիոն գործընկերներին վստահեցրել էր, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից «Իսլամական պետության» դեմ «Ամերիկայի պայքարի վերջը չէ»: