Ֆրանսիայի որոշումը շատ կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Իգիթյան

Ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր նշելու Ֆրանսիայի որոշումը շատ կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

Իգիթյանի խոսքով՝ Ֆրանսիան այն երկրներից է, որ 1915 թվականին ինչքան հնարավոր է փորձել է օգնել Թուրքիայից մազապուրծ եղած հայերին՝ տեղավորելով Ֆրանսիայում։

«Այսինքն՝ Ֆրանսիան ցեղասպանության մասին լսել է ոչ թե զեկույցներից, այլ անմիջապես տեղակ է եղել այն ժամանակ, և այսօր այս որոշումն` ապրիլի 24-ին նշելու որպես Հայոց ցեղասպանության օր, դա շատ կարևոր է ընդհանուր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետև արդեն շատ երկրներ ոչ միայն զուտ որոշումներով, այլ նաև այդպիսի ավելի շեշտակի հարցերով ճանաչում են Ցեղասպանությունը, և արդեն այն երկրները, որոնք փորձում են կասկածի տակ դնել, այդ թվում՝ առաջին հերթին Թուրքիան, որևէ փաստարկներ չունեն այդ հարցում հաջողության հասնելու», - ասաց պատգամավորը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում, հայտարարել է, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Հայտարարությունից ժամեր անց Թուրքիան դատապարտեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու՝ Մակրոնի որոշումը:

Իգիթյանը չի կարծում, թե Թուրքիայի բողոքը որևէ ազդեցություն կունենա։

«Նախ, առաջինը, մենք հիշում ենք՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու հարցում Թուրքիան փորձել է նույնիսկ որոշ պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի և ֆրանսիական ապրանքների հանդեպ, և դա եղել է անհաջողված փորձ, երկրորդը՝ Թուրքիան չի կարողանում բոլոր ճակատներով փորձել որևէ խնդիր ստեղծել բազմաթիվ երկրների հանդեպ, որոնք այս կամ այն ձևով ճանաչել են և շարունակում են ճանաչել և որոշ գործողություններ անել Հայոց ցեղասպանությունն արդեն ավելի բարձր կարգավիճակով ներկայացնելու հարցում։ Հիշենք Գերմանիան, որը ոչ միայն ճանաչել է, այլ նաև ներողություն է խնդրել իր այս կամ այն ձևով այդ հարցում մասնակցություն ունենալու համար։ Այսօր, եթե Թուրքիան փորձի պայքարել, պատերազմ, պատժամիջոցներ հայտարարել բոլոր այն երկրներին, որոնք այս կամ այն ձևով ճանաչել են և շարունակում են այդ հարցում աջակցել Հայաստանին, ապա Թուրքիան այդքան ուժեր չունի աշխարհի կեսի դեմ դուրս գալու համար», - ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։