Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ տարանջատման գծի վրա «մաքսային տերմինալի ստեղծման մասին խոսք անգամ չկա»

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանի, արխիվ

Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունները` շվեյցարական SGS ընկերության հետ համատեղ, շարունակում են բանակցել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածք մուտք գործող բեռների մաքսային մոնիթորինգի վերաբերյալ համաձայնագրի իրագործման շուրջ: 2011 թվականին կնքված պայմանագրի կյանքի կոչման մասին հերթական խորհրդակցությունները կայացան չորեքշաբթի օրը Ժնևում:

Բանակցություններից առաջ, սակայն, ռուսական մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումները Թբիլիսիում լուրջ դժգոհություններ առաջացրեցին: Պատճառը այդ հրապարակումներում տեղ գտած պնդումներն էին, որոնց համաձայն՝ վրացական կողմը իբր պատրաստ է լուրջ զիջումների գնալ և թույլատրել մաքսակետերի տեղադրումը ոչ միայն Ռուսաստանի հետ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի երկայնքով, այլև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ տարանջատման գծի վրա: «Այդպիսով Վրաստանն անուղղակիորեն կճանաչի, որ իր մաքսային սահմանները տարբերվում են միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններից», - պնդում էին Մոսկվայում:

Ժնևյան բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հակադարձեց մոսկովյան մամուլում հնչող այդ պնդումներին: «Որևէ մաքսային տերմինալի ստեղծման մասին խոսք անգամ չկա: Ամեն ինչ արվում է 2011 թվականի համաձայնագրի դրույթների համաձայն: Մնացյալը սուտ է և շահարկում», - հայտարարում էր Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի խոսքով էլ՝ 2011 թվականին կնքված համաձայնագրի դրույթներով նախատեսվում է, որ Ռուսաստանի հետ բեռների շրջանառությունը ոչ թե մաքսավորներն են վերահսկելու, այլ՝ շվեյցարական ընկերության փորձագետները: Նրանք կապարակնքելու են Ռոկի թունելով Հարավային Օսիա և Ադլերի կողմից Աբխազիա մուտք գործող բեռները:

Տարանցման դեպքում շվեյցարացի մասնագետները այդ բեռները կրկին կբացեն արդեն Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում` բեռնատար կոնտեյներների պարունակության մասին ողջ տեղեկատվությունը փոխանցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Այժմ մենք գտնվում ենք համաձայնագիրը կյանքի կոչելու փուլում: Դա որոշակի ժամանակ կպահանջի: Պետք է հստակ ըմբռնել, որ սա պարզ մի մի նախագիծ չէ, և նման նախադեպ չի եղել», - նշում էր Աբաշիձեն:

Արդյո՞ք Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող մաքսային միջանցքների գործարկման դեպքում դրանք կարող են օգտագործվել նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային կապն ապահովելու, երկու երկրների արտադրանքն ու գյուղմթերքը միմյանց շուկաներ տեղափոխելու նպատակով: Այս հարցում Աբաշիձեն արագ տեղաշարժեր չի խոստանում:

«Պայմանագրի գործողության մեկնարկը մաքսային միջանցքների ավտոմատ գործարկում չի ենթադրում: Խոսքը բացառապես Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների մոնիթորինգի մասին է: Եթե որոշում կայացվի բացել [Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող տարանցիկ] մաքսային միջացնքները, ապա դա քաղաքական որոշում է լինելու», - նշում էր Վրաստանի վարչապետի հատուկ բանագնացը: