Ընթացիկ տարում Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի. քաղաքապետարան

Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի: Այդ մասին հայտարարվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ։

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաև շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան:

Ըստ քաղաքապետարանի, Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: