Փաստաբանը համոզված է, որ գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայողը պետք է պահվի հայաստանյան ՔԿՀ-ում

Դաժան ծեծի հետևանքով մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բողոք են ներկայացրել՝ վիճարկելով քննիչի և դատախազի կայացրած որոշումները:

Վերջիններս մերժել էին 57-ամյա կնոջ մահվան գործով կալանավորված ռուս զինծառայողին հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ բողոքը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Զալյանն ակնկալում է, որ դատարանը արդար որոշում կկայացնի․ - «Ես հուսով եմ, որ կունենանք դրական լուծում, և հարցի լուծումը չի տեղափոխվի Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան»:

Գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնեմ, գյումրեցի կինը դաժան ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, աշխատանքի գնալու ճանապարհին: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող զինածառայող Անդրեյ Ռազգելդաևը պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում:

Փաստաբան Արայիկ Զալյանը, ով նաև տարիներ առաջ սպանված գյումրեցի Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ էր, ասում է, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին բազայում պահելով՝ կրկնվում է յոթ հոգու սպանության մեջ մեղավոր ճանաչված Վալերի Պերմյակովի նախադեպը․ - «Մենք ունենք Պերմյակովի դեպքը, որ ինքը, գտնվելով ռազմաբազայի տարածքում, ամբողջ դատաքննության ընթացքում իր կողմից չտրվեց արժանահավատ ցուցմունք: Նույնիսկ Վերաքննիչ դատարանում Պերմյակովի չներկայանալու հանգամանքը․․․ մեր մոտ, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, կասկած էր առաջացնում, թե արդյոք դա ստիպողաբար է գրել և այլն․․․»

Տուժողի իրավահաջորդի նեկայացուցիչները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի օմբուդսմենը ևս իր գնահատականը տա, ինչպես նաև այցելի ռուս զինածառայողին՝ հասկանալու կթույլատրվի՞ իրենց ռուսական ռազմաբազա մուտք գործել, թե՞ ոչ:

ՄԻՊ-ի գրասենյակից փորձեցինք ստանալ արձագանք ուղարկված դիմումի հետ կապված, նաև ճշտել, թե արդյոք օմբուդսմեն Արման Թաթոյանը նախատեսում է ռազմաբազա այցելել, կամ դիմել է որ մուտք գործի բազայի տարածք հանդիպելու ռուս զինծառայողին: «Ազատությանը» փոխանցեցին, որ հարցին ավելի ուշ կապատասխանեն:

Փաստաբան Զալյանը նշում է, որ երբ ավարտվի նախաքննությունը և գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն ստանան, կկարողանան ասել՝ արդյո՞ք Ռազգելդյաևը համապատասխանում էր այն չափորոշիչներին, որոնցով ընտրվում են Հայաստան ծառայության ուղարկվող զինծառայողները:

Գյումրեցի ակտիվիստ Արմեն Ներսիսյանը, ով տարիներ առաջ ակտիվորեն մասնակցում էր Ավետիսյանների սպանությունից հետո ծագած բողոքի ակցիաներին, համոզված է, որ ռուսական կողմը դասեր չքաղեց ու շարունակում է Հայաստանը դիտարկել որպես պատժի կրման վայր․ - «Հայաստանում ռուսական բազան չպետք է դիտվի որպես «աքսորավայր» այն զինծառայողների համար, որոնք ինչ-որ քայլեր են կատարել և աքսորվում են Հայաստան․․․ Ինչո՞ւ է պահվում [կասկածյալը] ռուսական բազայում: Մոտիվացիան, ինչպես անցած անգամ, բոլորիս համար անհասկանալի մնաց: Իսկ մոտիվացիան կարող է ծնել շատ լուրջ անհանդուրժողականության մթնոլորտ: Հետևաբար, գուցեև վախենում է ռուսական կողմը: Կա նաև այլ տրամաբանություն, որ ռուսական կողմը վերաբերվում է որպես իր վասալի՝ ինչպես ուզում է, այնպես էլ վարվում է»:

Ներսիսյանի համոզմամբ՝ ռուս զինածառայողը պետք է տեղափոխվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ, քանի որ հանցագործությունը, որում մեղադրվում է նա, տեղի է ունեցել զորամասից դուրս, հետևաբար պետք է գերակա լինի Հայաստանի օրենսդրությունը, և ոչ թե ռուսականը, որին հղում կատարելով Հայաստանի իշխանությունները բացատրում են, թե ինչու է իրավաչափ կալանավորված ռուս զինածառոյղին բազայի տարածքում պահելը: