Անահիտ Բախշյան․ Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ է եղել և ինչ է լինելու

Ընդդիմադիր «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասում է, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ է եղել և ինչ է լինելու:

Բախշյանի խոսքով՝ մինչև խորհրդարանը հավանություն կտար 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, իրենք տեղեկություններ էին ստանում, որ զորք է մտնում Երեւան: Այդ ընթացքում «Ժառանգության» նախկին պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը զանգահարել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանին ու ասել՝ «Մի՛ արեք, սպասեք մինչև առավոտը բացվի»: Սարգսյանը, ըստ Բախշյանի, ասել է, թե արդեն ուշ է։

«Իմ ներկայությամբ: Ես անգամ Սերժ Սարգսյանի ձայնն եմ լսել, որը, ասեմ, բավական ընկճված ձայն էր: Ասեց՝ արդեն ուշ է: Ինքը գիտեր ինչ է եղել և ինչ է լինելու: Էդ զորքը բերում են, որ իրանց գուրգուրե՞ն․․․ Զորքը բերում են, որ ժողովրդին ասեն՝ լռեք, ձեզ կսպանենք էլ, չենք թույլ տա, որ դուք հանկարծ ձեր իրավունքի մասին խոսեք: Ինչքան ուզենք, էնքան կխփենք»:

Երկրորդ օրն է, որ «Մարտի 1-ի» գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը չի հերքում մամուլի հրապարակումները, թե անցած շաբաթավերջին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մոտ 6 ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում, բայց մանրամասներ էլ չի հաղորդում:

Հրապարակումներին մինչև այս պահը չի արձագանքել երրորդ նախագահի գրասենյակը: Նաիրի Պետրոսյանը՝ գրասենյակի ղեկավարը, չի պատասխանում հեռախոսազանգերին, լուռ են նաև հանրապետականները:

2008-ի փետրվարին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայաստանի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Սակայն մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա դեռևս չէր ստաձնել պարտականությունները, զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Այդ օրերին երկրի թիվ մեկ պաշտոնյային՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, նա դեկտեմբերի սկզբից կալանքի տակ է:

Հեղափոխությունից հետո ՀՔԾ-ից հարցաքննության հրավեր Անահիտ Բախշյանը չի ստացել, բայց, կարծում է, նախկին պատգամավորները ասելիք ունեն․ - «Բոլորս, ամեն մեկս մի տեղ եղել ենք, տիկին Լարիսան էլ անձամբ խոսել է: Մենք բոլորս կվկայենք այն մասին, թե ինչ է եղել ցերեկը և ինչ է եղել գիշերը, որովհետև ես Լարիսայի կողքը կանգնած եմ եղել»:

Այնինչ Սերժ Սարգսյանի հետ մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց ունեցած Լարիսա Ալավերդյանը իրեն հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չի տեսնում:

Կարծում է, որ իրենց զրույցը չի կարող վկայել մարտի 1-ի իրադարձություններին Սերժ Սարգսյանի ներգրավվածության մասին․ - «Չեմ կարծում, որ դա օգտական վկայություն է: Ինքը էդ ժամանակ վարչապետ էր և տեղեկություն էր ստացել: Չեմ կարծում, որ ներգրավվածության որևէ նշույլ կարելի է գտնել զուտ իրավաբանական տրամաբանության մեջ։ Քանի որ բոլորս անհանգիստ էինք, որ կարող է լինել բախում, ես խնդիրը էստեղ էի տեսնում: Եվ ասում էի, որ պիտի ամեն ինչ անել․․․ Այն, ինչ որ պիտի անեք, մի արեք այդ ուշ գիշերվա մութ ժամանակ, որ ճիշտ է, որ իրավիճակը լուծվի առավոտյան: Ստացա պատասխան, որ՝ իսկ Դուք գիտե՞ք ինչ ա տեղի ունեցել: Ես էնպես հասկացա, որ բախումնային սցենարն էր զարգացել․․․ Բացարձակապես ոչ մեկը այդ ժամանակ մահերի մասին կամ սպանությունների մասին չէ, որ մտածում էր»:

2008-ի մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, այժմ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը բազմաթիվ ասելիքներ պետք է ունենա նախաքննական մարմնին․ - «Գոնե փաստահավաք խմբի ուսումնասիրությունների արդյունքում մենք նկատել ենք բազմաթիվ զինվորականների, ոստիկանության ուժերի, որոնք տեղակայված էին հենց Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ տեղակայված են նաև կառավառության շենք-շինությունները: Այնտեղ նաև տեղակայված էին Պաշտպանության նախարարության պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներ, և հետագայում մենք ապացուցեցինք, որ էդ տրանսպորտային միջոցների մեջ ոնց որ թե ոստիկաններ չէին: Իհարկե փորձ արվեց այդ ամենը հերքել, որպեսզի չերևա բանակի մասնակցությունը, բայց, ի հպարտություն մեր կատարած աշխատանքի, ես կարող եմ ասել, որ մեզ այն ժամանակ, այդ փոքրաթիվ փաստահավաք խմբին հաջողվեց ձեռք բերել ապացույցներ, որ այսօր էլ դարձան այս քննության համար շատ կարևոր հանգամանք: Հիմա Սերժ Սարգսյանը, հետո կլինի, երևի, Տիգրան Թորոսյանը, հետո կլինի, ամենայն հավանականությամբ, Աղվան Հովսեփյանը․․․ Ես տեսնում եմ այն տրամաբանության մեջ հիմնական պատասխանատուների, որոնց գործողությունները հաստատ քննության լրիվությունը, ամբողջությունը ապահովելու համար պետք է նաև բոլոր այն պաշտոնյաները, որոնց որոշումները ունեցել են ազդեցություն մարտի 1-ի առում, բոլորը պետք է հարցաքննվեն»:

Արդյո՞ք տասը տարի «Մարտի 1-ը» չբացահայտելու հարցերը նույնպես ուղղված են Սերժ Սարգսյանին, Քոչարյանն արձագանքեց․ - «Իհարկե: Սերժ Սարգսյանը բազմիցս խորհրդակցություններ է անցկացրել, հավաքել է երկրի բոլոր ուժային կառույցներին, հորդորել է․․․ շատ դաժան էր հորդորում՝ գնացեք և բացահայտեք․․․ Բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ բոլոր էդ խորհրդակցությունները միայն պետք էր միջազգային կառույցներին ցույց տալու համար, որ մենք շահագրգռված ենք բացահայտմանը: Բայց տեսանք, որ դրա արդյունքում իր հորդորներից հետո իրեղեն ապացույցներն են տարել կամ փոխել»: