Վանաձորում նախորդ տարվա համեմատ գործազրկության մակարդակն աճել է հինգ տոկոսով

Լոռու մարզպետարանը, արխիվ

Հունվարի տվյալներով՝ Վանաձորում նախորդ տարվա համեմատ գործազրկության մակարդակն աճել է հինգ տոկոսով, ինչը Հայաստանի գործազուրկների ընդհանուր ցուցանիշից գրեթե չորս տոկոսով ցածր է։

Եթե երկրում գործազրկությունը մոտ 18 տոկոս է, ապա, ըստ պաշտոնական տվյալների, Վանաձորում կազմում է 14 տոկոս։

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Արա Առաքելյանը գործազուրկների թվի աճը պայմանավորում է ոչ թե աշխատատեղերի կրճատմամբ, այլ կենտրոնում գրանցվողների թվի մեծացմամբ։

«Աշխատանքի տեղավորելու պետական ծրագրերի առկայությունը շահագրգռում է մարդկանց, որ գրանցվեն որպես գործազուրկ», - ասում է Զբաղվածության կենտրոնի տնօրենը։ Արդյունքում գործազուրկների թիվը Վանաձորում անցած տարվա ընթացքում ավելացել է 231-ով։ Ընդ որում, նրանց կեսից ավելին միջնակարգ և միջին մասնագիտական կրթությամբ, 35 տարեկանից բարձր անձինք են, որոնք աշխատաշուկայում դժվար են կողմնորոշվում։

«Էս տարիքի մարդիկ հիմնականում նպաստառու գործազուրկներ են, այսինքն սոցիալական նպաստ ստացողներն են, որոնց հետ աշխատելը շատ դժվար է։ Ի՞նչ իմաստով, որ նրանց մոտ կարծրացած է, որ ես էսքան գումարը ստանում եմ և եթե որևիցե մի տեղ մտնեմ աշխատանքի, թեկուզ ավել աշխատավարձով, ես էս գումարը այլևս չեմ ստանալու։ Դա շատ ցավալի երևույթ է, որ էդ կարծրատիպը մենք չենք կարողանում հաղթահարել», - նշեց Արա Առաքելյանը։

Գործազուրկներին հաշվառելու, նաև նրանց աշխատաշուկայում որոշակիորեն կողմորոշելու հարցում պատասխանատու պաշտոնյան ասում է, որ այսօր պետության կողմից ֆինանսավորվող 11 ծրագիր կա։ Անփորձ մասնագետներին աշխատանքի վերցնելու հարցում գործատուների շահագրգռելու համար պետությունն իր վրա է վերցնում աշխատողին մի քանի ամիս վարձատրելու բեռը՝ հնարավորություն տալով նոր աշխատողին ձեռք բերել աշխատանքային փորձ, հմտություններ ու վստահություն գործատուի մոտ։

«Մենք ձգտում ենք էս ծրագիրը իրականացնել էնպես, որպեսզի արդյունքում նաև աշխատանքի տեր դառնան, ցուցանիշ կարողանանք ապահովենք», - ընդգծեց Առաքելյանը:

Անցած տարի Լոռու մարզում Թեղուտի հանքավայրի և Ալավերդու գործարանի փակվելը աշխատաշուկայում մեծ խնդիրներ է առաջացրել։ Մարզպետի օգնական Գայանե Սարգսյանն ասում է, որ մարզային իշխանությունն ամեն ինչ անում է նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

«Փորձում ենք ներդրողի համար բացառել հնարավոր խոչընդոտները», - ասաց Գայանե Սարգսյանն ու շեշտեց, որ Վանաձորում բացվել է գազաբալոնների գործարան:

Շուտով Արդվիում ֆրանսիահայ գործարարը տուրիստական ծրագիր կսկսի, իսկ Կաթնաղբյուրում մաքուր ջրի գործարան հիմնելու հեռանկար կա։

«Մեր քաղաքականությունը մեկն է՝ ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի ներդրում կատարողը, եթե երկմտում է որտեղ ներդնի, միանշանակ, բերենք Լոռի, քանի որ Լոռու մարզում գործազրկության մակարդակը բավականին բարձր է», - նշեց մարզպետի օգնականը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ներկայացնում է Հայաստանի գործազրկության, աղքատության և արտագաղթի բարձր ցուցանիշներն ու նշում, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ստեղծվել է «ավազակապետությանը սպասարկող տնտեսություն»։

Ըստ Վահագն Խաչատրյանի, տարիներ շարունակ Հայաստանում միջազգային կառույցներն ահռելի գումարներ են ներդրել տնտեսության զարգացման համար, նաև գործազրկությունը կրճատելու նպատակով, բայց դրանց արդյունքն այդպես էլ չի երևացել․ - «90 տոկոսը բավարարվել են իրենց աշխատավարձով, իրենց բարեկամների, ընկերների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներով։ Այսինքն հասարակական արդյունքի բաշխումը էնքան անհավասարաչափ է եղել, որ միշտ, երբ որ ասել են նույնիսկ 7,5 տոկոս աճ կա, 3,5 տոկոս աճ կա, մենք չենք զգացել։ Այս իրավիճակում, երբ որ տնտեսության խնդիրներին ես անդրադառնում, հասկանում ես, որ ամենամեծ խոչընդոտը հենց էդ արդարադատությունն է, նաև տնտեսական կյանքում։ Էդ սպասելիքները, որ կա՝ ժողովրդավարություն, արդարություն, կոռուպցիայի վերացում, մենաշնորհի վերացում, իրականություն չեն դարձել։ Հիմա ես գտնում եմ, որ պետք էր առաջին հերթին այ դրա հասցրած վնասի գնահատականը տրվեր, որովհետև երբ որ այսօրվա նախկին պաշտոնյաները իրենց իրավունք են տալիս տարբեր տեղերից խոսել, նաև դասեր տալ այսօրվա իշխանության ներկայացուցիչներին, առաջին հերթին պետք է իրենք նախևառաջ պատասխան տային, թե իրենք ինչ են արել էն 20 տարիների ընթացքում», - նշեց Խաչատրյանը։

Կառավարությունը դեռևս չի ասել, թե որն է իրավիճակը փոխելու մոդելը։

«Հասկանալի է, որ տնտեսական բարեփոխումները հնարավոր չէ անել նույնքան արագ, որքան քաղաքական գործընթացները տեղի ունեցան», - ասաց Վահագն Խաչատրյանն՝ ավելացնելով, որ հասարակությունը կառավարությունից պատասխան է ակնկալում՝ ինչպե՞ս է առաջնորդվելու, որո՞նք են լինելու իր տնտեսական քայլերը։

Ընդ որում, ըստ նրա, առաջնահերթությունները պետք է լինեն այնպիսին, որոնք քաղաքացու վրա անմիջականորեն ազդեցություն կունենան։