Ադրբեջանական «Թուրան»-ի խմբագիրը գործուղվել է Հայաստան

Ադրբեջան - «Թուրան» գործակալության գրասենյակը Բաքվում, արխիվ

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցի խմբագիր Շահին Հաջիևը գործուղվել է Հայաստան՝ ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ռեպորտաժներ պատրաստելու նպատակով:

Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանցի խմբագիրը Երևանում հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Ադրբեջանական եզակի անկախ լրատվամիջոցներից համարվող «Թուրան»-ը հայտնում է նաև, որ Հաջիևի հայաստանյան այցը համաձայնեցվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ: