ԱԳՆ խոսնակ․ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովությունը գերակա առաջնահերթություն են Հայաստանի համար

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայկական դիրքերի ուղղությամբ մահաբեր թռչող սարքեր փորձարկելու մեջ մեղադրվող ընկերությանը կրկին թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հայտարարեց, որ այս հարցը բարձրաձայնելու են երկկողմ հանդիպումների ժամանակ՝ հավելելով, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի հարցը Հայաստանի ուշադրության կենտրոնում է․ - «Պետք է ուղղակի ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես հղենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»:

Իսրայելցի իրավապահները քրեական հետաքննություն են սկսել անօդաչու թռչող սարք արտադրող իսրայելական այն ընկերության դեմ, որը, իսրայելական մամուլի հաղորդմամբ, 2017-ին, ադրբեջանական կողմի պահանջով, համաձայնել էր Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ:

«Հարձակման հետևանքով երեք հայ զինծառայող մարմնական վնասվածքներ էր ստացել», - գրել էր The Times of Israel-ը:

Երեկ նույն պարբերականը, սակայն, գրել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeronautics Defense Systems ընկերությանը կրկին թույլատրել է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառել:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը պատահական չի համարում Իսրայելի ՊՆ-ի այս որոշման հրապարկումը Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցից առաջ․ - «Հայաստանի վարչապետի՝ թավշյա հեղափոխությունից հետո առաջին պաշտոնական այցին ընդառաջ, Իսրայելից ստացվում է տեղեկություն՝ իր քաղաքական բովանդակությամբ և համատեքստով: Սա, իհարկե, վկայում է ընդհանրապես ռեգիոնալ առումով իրավիճակի և հարաբերությունների բավական լուրջ, բազմաշերտ բնույթի մասին»:

Փաշինյանը Իրան այցելության մասին հայտարարել է Գերմանիայում: Այցը նախատեված է փետրվարի 27-ին: Օրակարգի մանրամասները դեռ չեն հրապարկվում, միայն հայտարարվում է որ որ հարցերի լայն շրջանակ է քննարկվելու:

«Այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին», - նշեց Աննա Նաղդալյանը:

Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր կառավարությունը ընդհանրապես չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։

Փաշինյանի հայտարարությանը մեկ օր անց անդրադարձել էր նաև Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը՝ հայտարարելով․ - «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

«Հայաստանը բազմիցս է ներկայացրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները՝ բացարձակապես խաղաղ, բացարձակապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովությունը այս գործընթացում գերակա առաջնահերթություն են Հայաստանի համար», - այս առնչությամբ ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կայանալու է փետրվարի 16-18-ը: Համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի ԱԳՆ-ից չեն բացառում, որ կլինի հանդիպում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Արտգործնախարարների վերջին հանդիպումը հունվարի 16-ին Փարիզում տևել էր ավելի քան չորս ժամ:

«Երբ որ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, ապա մենք համակարգված ձևով մշտապես հայտարարում ենք դրա մասին», - հավելեց Նաղդալյանը՝ պարզաբանելով․ - «Համակարգված ձևը նշանակում է, որ դա արվում է նույն ժամին և նույն օրը»: