2018-ի դեկտեմբերից Ստամբուլի Փերայի թանգարանում ընթացող «Փարաջանով. Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երևանի Փարաջանովի թանգարանի հետ համագործակցության շնորհիվ:
Ցուցահանդեսը նախապատրաստվել է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ միասին, ցուցադրությունը համադրել է հայտնի թուրք արվեստագետ Բյուլենթ Էրքմենը:
Փարաջանովի գործերին զուգահեռ ցուցահանդեսում ընդգրկվել են նաև ծնունդով Ստամբուլից ֆրանսաբնակ արվեստագետ Սարգիսի աշխատանքները՝ նվիրված Փարաջանովին:
Փերայի թանգարանի ցուցադրությունները համակարգող Զեյնեփ Օգելի խոսքով՝ նման ցուցահանդես իրականացնելու գաղափար վաղուց են ունեցել: Շուրջ 1,5 տարվա աշխատանքի արդյունքում նախագիծն իրականություն է դարձել, և այսօր թուրք արվեստասերները կարող են ծանոթանալ Սերգեյ Փարաջանովի աշխարհին:
«Ցուցահանդեսի նմուշները բերվել են Երևանի թանգարանից: Փարաջանովի հավաքածուի ստամբուլյան ցուցադրությունը Հայաստանից դուրս կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է։ Աշխատել ենք ներառել նրա բոլոր ժամանակաշրջանների ստեղծագործությունները՝ սկսած ամենավաղ շրջանից մինչև վերջին ժամանակները: Փարաջանովը պոետիկ կինոյի վարպետ է: Ինչպես նա էր ասում, կոլաժը խտացված ֆիլմ է: Մենք էլ առաջնորդվելով այս մոտեցմամբ ընտրել ենք նրա ամենագրավիչ կոլաժները, նկարները, խճանկարներ, ֆիլմերի էսքիզները, լուսանկարները», - «Ազատության» հետ զրույցում ասում է Զեյնեփ Օգելը: - «Քանի որ Թուրքիայում առաջին անգամ է նման ցուցադրություն իրականացվում, ցանկացանք հանդիսատեսին հարուստ բովանդակություն ներկայացնել, և այդ պատճառով էլ փորձել ենք ընդգրկել Փարաջանովի բոլոր ժամանակների գործերը, ավելի քան 75 ստեղծագործություն»:
Զեյնեփ Օգելի խոսքով՝ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, ասում է՝ այս ցուցադրությունը թանգարանի ամենահաջողված նախագծերից է, այն մեծ սիրով են պատրաստել և արդյունքից էլ շատ գոհ են:
«Այցելուների արձագանքը շատ լավն է, ցուցադրությունը մարդաշատ է անցնում, թերևս թանգարանի ամենաշատ այցելու ունեցած և սիրված նախագծերից է, ինչի համար շատ երջանիկ ենք: Փարաջանովը ռեժիսորական գործերից բացի իր մյուս ստեղծագործություններով Թուրքիայում հայտնի չէ, այդ պատճառով մարդիկ մեծ զարմանքով ու հիացմունքով մի քանի անգամ են գալիս տեսնելու այս ցուցահանդեսը: Մենք էլ շատ ուրախ ենք դրական կարծիքների համար», - ասում էՓերայի թանգարանի ցուցադրությունները համակարգողը:
Օգելն ուրախությամբ է նշում է՝ չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այնուհանդերձ, ցուցահանդեսի նախապատրաստական փուլում բյուրոկրատական ոչ մի արգելքի չեն հանդիպել, ինչը շատ ուրախալի է:
«Ցուցահանդեսի համար Հայաստանի մշակույթի նախարարությունից թույլտվություն ենք ստացել, նրանք շատ լավ ընդունեցին մեր առաջարկը և ոչ մի խնդիր չունեցանք: Շատ ուրախալի է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մեզ վստահեցին», - ասում է Փերայի թանգարանի ցուցադրությունները համակարգողը։
Օգելի կարծիքով՝ դժվար է Փարաջանովի գործերից որևէ մեկն առանձնացնել, բայց «Նռան գույնը» առանձնահատուկ գեղեցկություն ու նշանակություն ունի իր համար: Ասում է՝ Փարաջանովի կենսուրախությունն ու լավատեսությունը շատ տպավորիչ են, նրա ստեղծագործական միտքը սահմաններ չունի, և ամեն ոք յուրովի է ընկալում նրա արվեստը:
«Չեմ կարծում, որ Փարաջանովին հասկանալը դժվար է, ես երևի հասկացել եմ: Նա այնքան անկեղծ է, երեխաներից սկսած բոլոր տարիքի մարդկանց փոխանցվում է այդ բնականությունը, անկեղծությունը, ազնվությունը: Կարծում եմ սա է պատճառը, որ ցուցահանդեսը այդքան շատ են հավանում ու այցելում, քանի որ յուրաքանչյուրը իրեն հարազատ մի բան է գտնում նրա բանաստեղծականության մեջ», - ասում է Զեյնեփ Օգելը:
«Փարաջանով. Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսին զուգահեռ Փերայի թանգարանում ընթանում է մեծանուն հայ կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրությունը: «Ապստամբ պատկերներ. Սերգեյ Փարաջանով» ծրագրի ընթացքում Փարաջանովի կինոարվեստի երկրպագուները հնարավորություն ունեն դիտելու ռեժիսորի հեղինակած ֆիլմերը:
Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսն ու ֆիլմերի ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 17-ը: