Վարչապետի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում անցկացված չորսժամյա դռնփակ նիստից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները քչախոս էին: Լրագրողներին հետաքրքրող գլխավոր հարցն էր՝ ինչ հրատապ օրակարգով էր Գերմանիայից վերադառնալուց մեկ օր անց գործադիրի ղեկավարը կառավարության որոշ անդամներին, մարզպետներին ու պատգամավորներին խորհրդարանում քննարկման հրավիրել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը միայն պատասխանեց հարցերին, բայց ոչ մանրամասն. «Գերմանիա այցից հետ ուզում էինք վերջին այցելությունների հետ կապված այդ համատեքստում նույնպես, քանի որ շատ տարբեր հրապարակումներ են գրվում, որպեսզի նաև ավելի մանրամասն քննարկենք այդ հարցերը։ Շատ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր թեմաներ, նաև եղել են առանձին թեմաներ»։
Աղմկահարույց պարգևավճարների հարցն էլ է քննարկման օրակարգում եղել: Մակունցը կրկնեց Փաշինյանի հայտնած տեղեկությունը, որ միլիոններով պարգևավճար ստացած Պետեկամուտների կոմիտեում այս տարի չափը կվերանայվի։
«Ինչպես վարչապետը արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նույնպես նշեց այդ հանգամանքը, որ Պետեկամուտների կոմիտեի պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով կրճատվել է 2019 թվականի համար։ Սա արդեն կարևոր քայլ է կարծում եմ, այսինքն՝ այս խմորումները, քննարկումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք ստացել է և լուծումներ ստանում է», - ընդգծեց Մակունցը։
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն էլ չեն շրջանցել, բայց մանրամասներ չհայտնեց։ Իշխանական խմբակցության ղեկավարը նշեց, որ գործադիրի և օրենսդիրի այս ձևաչափով աշխատանքը օրինաչափ է լինելու, ոչ աշխատանքային օրերին հանդիպումները՝ նույնպես:
«Իսկ ինչ վերաբերում է շաբաթ օրով աշխատելուն, ուղղակի ձեզ ասեմ, վստահ եմ՝ տեղյակ եք, որ 2018 թվականի մայիսից չկա, էսպես ասած, մեզ համար ոչ աշխատանքային օր։ Եթե կարիք կա աշխատելու շաբաթ կամ կիրակի օրերին, ապա աշխատում ենք նաև ոչ աշխատանքային օրերին», - ասաց Լիլիթ Մակուցը։