2018-ին Թուրքիայի բնակչության թիվը 2017-ի համեմատ ավելացել է 1 մլն 193 հազար 357-ով. «Անադոլու»

Տեսարան Ստամբուլիս

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել երկրի բնակչության թվաքանակի վերաբերյալ:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հաշվարկների համաձայն, 2018 թվականին Թուրքիայի բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1 մլն 193 հազար 357-ով՝ 2018 թվականի վերջին հասնելով 82 մլն 3 հազար 882-ի:

Բնակչության 50,2 տոկոսը (41 մլն 139 հազար 980) կազմում են տղամարդիկ, 49,8 տոկոսը (40 մլն 863 հազար 902)՝ կանայք:

Բնակչության տարեկան աճի ցուցանիշը ևս բարձրացել է: Թուրքիայում ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը Ստամբուլն է, որտեղ ապրում է երկրի ողջ բնակչության 18,4 տոկոսը՝ 15 մլն 67 հազար 724 մարդ: Դրան հետևում են Անկարան և Իզմիրը՝ համապատասխանաբար 5,5 մլն և 4,3 մլն բնակչությամբ, ապա Բուրսան՝ շուրջ 3 մլն և Անթալիան՝ 2,5 մլն բնակչությամբ: Ամենաքիչ բնակչությունն ունի Բայբուրթ նահանգը` 82 հազար 274 մարդ:

Աճել է նաև բնակչության միջին խտության ցուցանիշը՝ կազմելով 107 մարդ քառակուսի կիլոմետրի համար: Ամենախիտ բնակեցված նահանգը Ստամբուլն է, ամենանոսրը՝ Թունջելին: