Կառավարությունը լուծարեց «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը

«Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը կառավարության որոշմամբ լուծարվեց. հեռուստաընկերության լրատվական թողարկումն այսօր հենց այդ նորությամբ էլ սկսվեց:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է՝ 2016 թվականից Հայաստանի տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ անալոգային հեռարձակում իրականացնող Շիրակ հեռուստառադիոընկերությունը չի կարողանում ապահովել լայն լսարան: Կառավարությունում գտնում են, որ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է, հետևաբար որոշվել է լուծարել 1993 թվականից գործող և պետական բյուջեից ֆինանսավորվող հեռուստառադիոընկերությունը:

Կառավարության այս որոշումը անընդունելի են համարում գործազրկության շեմին կանգնած հեռուստառադիոընկերության աշխատակիցները, որոնք շեշտում են՝ Հայաստանի մարզերում 11 հեռուստաընկերություն դեռ շարունակում է անալոգային եղանակով եթեր ապահովել:

Ընկերությունը 55 աշխատակից ունի, և դեռ սեպտեմբերից խոսակցություններ կային, որ «Շիրակը» շուտով կփակվի: Տնօրեն Արթուր Ղանդիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ միայն սեպտեմբերին են իմացել այդ մասին։

«Օգոստոսին 2019 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրել ենք, եղել են բազում քնարկումներ, առաջին նախագծով անցել էր 2019 թվականի բյուջեի նախագիծ, բայց սեպտեմբերին տեղեկանում ենք, որ մեզ հատկացված գումարը բյուջեի ընդհանուր նախագծի մեջ չկա», ֊ մանրամասնեց «Շիրակ» հեռուստաընկերության տնօրենը։

Անցած տարի պետական բյուջեից 94 մլն դրամ է հատկացվել և ըստ Ղանդիլյանի մեծ մասն ուղղվել է աշխատավարձերի վճարմանը: Մի քանի տարի առաջ էլ 12 մլն դրամ է հատկացվել հեռուստաընկերության վերազինման համար: Հնարավոր է որ այս որոշման համար պատճառ հանդիսացած լինեն նաև Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումները: Արթուր Ղանդիլյանն ասաց՝ իրենց մոտ ևս ստուգումներ անցկացվել են և ոչինչ չեն հայտնաբերել։ ֊ «Երկու անգամ ստուգումներ իրականացվեցին, չկա ոչ մի բան», ֊ նշեց նա։

Հեռուստառադիոընկերության գույքը 94 միլիոն դրամ է գնահատվել: Թե ինչ եղանակով կօտարվի, առայժմ պարզ չէ: Տնօրեն Արթուր Ղանդիլյանը տարբերակ է առաջարկում հեռուտառադիաընկերույան գործունեության շարունակելու համար. ֊ «Կարելի էր ամբողջ այս գույքը տրամադրել կոլեկտիվին, որի արդյունքում մենք փորձեինք որպես կոմերցիոն հեռուստաընկերություն աշխատել»։

Կառավարության այսօրվա որոշմամբ 15-օրյա ժամակետում ստեղծվելու է լուծարային հանձանաժողով: