Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն ընդգծում էր, որ հոբելյանական այս տարում նախատեսել են Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնել նաև այլ լեզուներով․ - «Թանգարանը նախաձեռնեց մեկ ամբողջական ծաղկաքաղ Թումանյանի ստեղծագործություններից, հոդվածներից, նականերից՝ տպագրելու անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն, ռուսերեն: Հուսով ենք, տարվա ընթացքում էս լեզուների շարքը հնարավոր լինի ավելացնել»:
Վերջին տարիներին մի քանի ուշագրավ գրքեր են լույս տեսել՝ նվիրված Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը: Տուն-թանգարանը իր ֆոնդերից բանաստեղծի զավակների հուշագրությունն է հրապարակել․ - «Արդեն թանգարանը ունի հրատարակած զավակներից Աշխեն Թումանյանի, Մուշեղ Թումանյանի արխիվներն ամբողջապես, Արտավազդ Թումանյանի երկհատորյակը: Առաջիկա տարիներին կլինեն ևս երկու հատոր»:
Հոբելյանի կապակցությամբ, ի թիվս այլ ժողովածուների, նախևառաջ նախապատրաստվում է հրատարակության նրա երկերի լիակատար ակադեմիական հրատարակությունը տասը հատորով․ այն հրատարակության են նախապատրաստում ԳԱԱ Գրականության ինստիտուտը, Թումանյանի տուն-թանգարանն ու Երևանի պետական համալսարանը:
Արդեն իսկ լույս է տեսել առաջին հատորը․ - «Առաջին հատորը թանգարանը արել է իր միջոցներով, հազար օրինակ տպագրվել է: Եվ մենք լուր տվեցինք մարդկանց, որ յուրաքանչյուրը կարող է իր ներդրումը ունենալ: Բարեբախտաբար, երկրորդ և երրորդ հատորները արդեն ունեն իրենց հովանավորները: 150-ամյակին մենք մեր սեղանին կունենանք հստակ երեք հատոր»:
Ուշագրավ է, որ Թումանյանի լիակատարը հրատարակելու համար պետական աջակցություն առայժմ չկա․ - «Դեռ չենք ունեցել պետական աջակցություն: Եթե կլինի էնպես, որ հաջորդները արդեն կստանձնի պետությունը, սիրով: Սովորաբար միջնաժամկետային ծրագրեր ներկայացնելիս, մենք ներկայացնում ենք, թե մենք ինչ ենք ուզում հրատարակել: Նախորդ տարի իրենց օգնությամբ, իրենց աջակցությամբ մենք պատրաստեցինք հրատարակության, որը հիմա տպարանային փուլում է, Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքերի վրա մակագրությունները․․․ Դրանք շատ-շատ են, մեկ ամբողջ գիրք-ալբոմ է դարձել: Այդ գրքի տպագրությունը նախարարությունը ստանձնեց, որը շատ ինքնատիպ, շատ յուրահատուկ գիրք է դառնալու»:
Անցյալ տարի Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ձևավորվել, որը, սակայն, Անի Եղիազարյանի փոխանցմամբ, մեկ նիստ է գումարել․ - «Պիտի ասեմ, որ երկրում տեղի ունեցող այս իրավիճակներն այնպես եղան, որ ճիշտ գրեթե նույն անցուդարձն է, ինչ Թումանյանի 50-ամյակին: Էդ ժամանակ էլ ձևավորվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը: Կարծես թե, հարյուր տարի հետո իրավիճակը նույնությամբ կրկնվում է»:
Ուշագրավ է, որ թանգարանի աշխատակազմը նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանի նախաձեռնությամբ, տարիներ շարունակ նախկինում դիմել է Մշակույթի նախարարություն ոչ միայն գրահրատարակչական, այլև թանգարանի հիմնանորոգման խնդիրների հետ կապված:
Եղիազարյանն ասաց․ - «Վերջին տարիներին անընդհատ բախվելով պետական բյուրոկրատական քաշքշուկների, հաճախ՝ լռության․․․ քանի նախարար ենք փոխել: Այսօր թանգարանը պիտի նոր թանգարան լիներ, նոր էքսպոզիցիայով: Մենք այդ հարցով դեռ 2015 թվականից նախորդ մեր երեք նախարարներին դիմել ենք, մշակել ենք հայեցակարգ մեր միջոցներով, գտել ենք ճարտարապետներ: Ամբողջ այդ հայեցակարգը մենք ներկայացրել ենք նախորդ նախարարներին, բայց, ցավոք, որևէ արձագանք չի եղել: Մենք շատ մեծ հույս ունենք, որ 150-ը կլինի նորի մեկնարկի կետը»:
Հայոց մեծ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին թանգարանն առավոտից մինչև ուշ երեկո շատ ուշագրավ ծրագրեր է նախապատրաստել և բոլորին հրավիրում է այդ օրը նշել Թումանյանի հյուրընկալ հարկի ներքո՝ ինչպես եղել է իր կենդանության օրոք: