ԱՄՆ-ը չի բացառում Կրեմլի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութս

Միացյալ Նահանգները կրկին ղարաբաղյան խնդիրը դասել է աշխարհում անվտանգությանը սպառնացող մարտահրավերների շարքում՝ չբացառելով Կրեմլի միջամտությունը:

Երեկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը, որտեղ նշվում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»:

Ընդ որում՝ Ղարաբաղը միակ հարցը չէ, որտեղ ամերիկյան հետախուզությունը ռուսական կողմի հնարավոր միջամտության սպառնալիք է տեսնում:

«Նոյեմբերին ուկրաինական նավերի վրա կատարված ռուսական հարձակումը վերստին ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է խախտել միջազգային նորմերը՝ հարևաններին ճնշելու և սեփական նպատակներին հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը: - «Նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է, Կրեմլը շարունակում է իր արշավը՝ արևմտյան քաղաքական ու անվտանգության կառույցները ջլատելու և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը սասանելու ուղղությամբ»:

Մոսկվա-Պեկին հարաբերությունները «առավել սերտ՝ քան երբևէ»

Միացյալ Նահանգներին սպառնացող գլխավոր մարտահրավերների շարքում Քոութսը նշել է նաև Չինաստանը, փաստելով՝ Պեկինն ու Մոսկվան այսօր փորձում են ընդարձակել իրենց ազդեցությունն աշխարհում՝ սրելով տարածաշրջանային հակամարտություններն ու օգտագործելով առավել էժան, բայց արդյունավետ միջոցներ սեփական նպատակներին հասնելու, այլ երկրներում հասարակական կարծիքի վրա ազդելու համար:

«Կարծում ենք՝ Ռուսաստանը կփորձի կիբեռհարձակումներով միջամտել Ուկրաինայում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին: Կրեմլը Ռուսաստանը կապել է բռնապետական վարչակազմերի՝ Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի ու Վենեսուելայի հետ: Այսօր Մոսկվայի հարաբերությունները Պեկինի հետ առավել սերտ են, քան երբևէ վերջին տասնամյակների ընթացքում», - մեկնաբանել է Դեն Քոութսը:

Ամերիկյան հետախուզությունը կանխատեսում է՝ ուկրաինական ընտրություններից բացի Ռուսաստանը Չինաստանի հետ կփորձի միջամտել նաև 2020 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններին: - «Մենք պետք է պատրաստ լինենք և դիմակայենք այդ հարձակումներին, որոնց նպատակն է թուլացնել հավատը կառավարության հանդեպ ու սրելով առկա լարվածությունը՝ պառակտել հասարակությանը», - հայտարարել է ամերիկյան Ազգային հետախուզության տնօրենը:

Բարդություններ՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում

Մռայլ են կանխատեսումները նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները զրուցում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, արխիվ

«Անկարայի տարածաշրջանային նկրտումները և թուրք առաջնորդների՝ հետզհետե առավել ամրապնդվող բռնապետական ղեկավարումը բարդություններ են ստեղծում երկկողմ հարաբերություններում», - հայտարարել է Դեն Քոութսը՝ կանխատեսելով՝ առաջիկայում վիճահարույց հարցերը ավելի կխորանան: - «Թուրքիան, մեր գնահատմամբ, այժմ գտնվում է իր քաղաքականության ու ազգային ինքնության վերափոխման փուլում, ինչի պատճառով Անկարայի հետ հարաբերությունների կառավարումը առաջիկա հինգ տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի կբարդանա: Նախագահ Էրդողանի կառավարման ներքո թուրք-ամերիկյան հարաբերությունները կմնան կարևոր, բայց ոչ անպայման՝ վճռորոշ Թուրքիայի համար»:

Հյուսիսային Կորեան չի հրաժարվի միջուկային զենքից

Սիրիայում, որտեղից նախագահ Թրամփը որոշեց դուրս բերել ամերիկյան զորքերը, նախագահ Ասադը ամենայն հավանականությամբ, կամրապնդի իր դիրքերը, Ռուսաստանն ու Իրանն էլ կընդարձակեն սեփական ազդեցությունը, կարծիք է հայտնել ամերիկյան հետախուզության առաջնորդը:

Քոութսը նաև նշել է՝ Իրանը չի վերսկսել միջուկային փորձարկումները, բայց չի բացառվում, որ գնա դրան, եթե համաձայնության չհասնի գերտերությունների հետ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ունը ցուցումներ է տալիս միջուկային ծրագրի ղեկավարներին, արխիվ

Մինչդեռ, Հյուսիսային Կորեան, որի առաջնորդի հետ նախագահ Թրամփը անցած տարվանից բանակցում է ապամիջուկայնացման շուրջ, ըստ ամերիկյան հետախուզության, ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել իր միջուկային զինանոցից: - «Մեր գնահատականով, Հյուսիսային Կորեան կփորձի պահպանել զանգվածային ոչնչացման զենք ստանալու կարողությունները, քանի որ այդ երկրի առաջնորդները կարծում են, որ միջուկային զենքը ծայրահեղ անհրաժեշտ է իրենց իշխանությունը պահելու համար», - հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը: