ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով, պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու կարիք կա։
«Ես կարծում եմ, որ քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա և բարոյական կողմի վրա, այո, միանշանակ պետք է ուշադրություն դրաձնենք, բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, մենք պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր», - հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք իշխանությունները չեն պատրաստվում որոշակի սահմանափակումներ մտցնել պաշտոնյաների պարգևավճարների հարցում։
Տարեվերջին պետական մարմիններում պարգևավճարների՝ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» վճարման մասին տեղեկությունները այս օրերին մեծ քննադատության տեղիք են տվել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Աղքատության և գործազրկության ֆոնին այդ բարձր պարգևավճարները շատերը դիտարկեցին որպես քաղաքացիների հարկերից գոյացող միջոցների վատնում: