Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերը նրանք են, ովքեր փաստացի օգուտ են ստանում ընկերության գործունեությունից, և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի պարտադիր պահանջ է այդ անձանց ինքնության հրապարակումը, քանի որ նրանք որպես կանոն թաքնված են մնում իրավաբանական անձանց շղթայում:
Հայաստանը նախաձեռնության անդամ է 2017 թվականից, և իր պարտավորությունների շրջանակում Հայաստանում հանքերի իրական սեփականատերերին բացահայտող օրինագիծը առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով: Այն արդեն պատրաստ է և ուժի մեջ կարող է մտնել 2019 թվականի նոյեմբերից: Այս մասին տեղեկացրեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:
«Կազմակերպությունները իրենք իրենց նախաձեռնությամբ, նաև մեր հսկողությամբ պետք է բացահայտեն, թե ովքեր են բաժնետերերը, ընդհուպ մինչև վերջին բաժնետեր, այսինքն՝ ֆիզիկական անձի մակարդակով», - ասաց Գևորգյանը։
Հայաստանում տարիներ շարունակ՝ թե՛ մամուլի հրապարակումներ, թե՛ ընդդիմադիր գործիչների բարձրաձայնումներ են հնչել այն մասին, որ երկրում գործող խոշոր հանքերի իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ հանքերի շահագործման թույլտվության և ընկերություններում ստանդարտների պահպանման գործընթացները անցել են կոռուպցիոն խոշոր գործարքներով: Ներկայումս նախաքննության փուլում է գտնվում նախկին բնապահպանության նախարարի՝ 14 մլն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործը: Փոխնախարարը դժվարանում է ասել՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սկանդալային բացահայտումներ կլինեն, թե ոչ, բայց որ դրական տեղաշարժ կլինի՝ վստահ է:
«Նորմալ երևույթ է եղել միշտ, որ օֆշորային կազմակերպությունները գործունեություն են իրականացնում տարբեր երկրներում, էստեղ ուղղակի ավելի կարևոր է թափանցիկությունը», - նշեց Գևորգյանը։
Տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր հարկատու հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մամուլում բազմաթիվ անգամներ է կապվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընկերության իրավաբանական վարչության ղեկավար Պերճ Խաչատրյանը վստահեցնում է, որ պատրաստակամություն հայտնել են՝ բացահայտելու իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը։
«Մեր բացահայտումների շնորհիվ հասարակությունը կտեղեկանա ոչ միայն մեր իրական սեփականատերերի անվանական տվյալները մինչև ամբողջ շղթան, այլ ամբողջ ֆինանսատնտեսական գործունեությանը, արդյունահանման ծավալներին և այլն», - ասաց Պերճ Խաչատրյանը։
«Ազատության» հարցին՝ ինչ կարող է ասել Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին, Խաչատրյանը պատասխանեց. - «Երբ որ կհրապարակվի իրական սեփականատերերի ցանկը, դուք կտեսնեք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Այս պահին ես չեմ հրապարակում որևէ իրական սեփականատիրոջ տվյալ, և մենք նաև տեղեկատվություն ենք տրամադրել լրատվամիջոցներն, թե արդյոք պարոն Քոչարյանը հանդիսանում է մեր սեփականատերերից, թե ոչ։ Եվ մենք հերքել ենք, որ՝ ոչ»։
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը նշում է՝ ընկերությունը բաց բաժնետիրական է և բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի է:
Հիշեցնենք՝ մամուլն ընկերության հետ էր կապում գործող նախագահ Արմեն Սարգսյանի և հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի անունները: Ընկերության շինարարական աշխատանքերը դադարեցված են 2018 թվականի հունիսի 22-ից, քանի որ հարակից գյուղի բնակիչները և ակտիվիստները փակել են ճանապարհը և դեմ են հանքի շահագործմանը: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ճանապարհը ապօրնի է փակ, ինչի արդյունքում «Լիդիանը» մեծ վնասներ են կրում և շուրջ հազար 300 աշխատակից էլ ազատվել է աշխատանքից:
«Ապատեղեկատվություն են տարածում։ Պարզ օրինակներից մեկը պոչամբարով մարդկանց վախեցնելն է, երբ որ «Լիդիան Արմենիան» երբեք, համենայն դեպս Ամուլսարի նախագծով, պոչամբար չի ունենալու և նման օրինակները բազմաթիվ են», - նշեց ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը։
Հարցին, թե իրական սեփականատերերի մասով իրենք ևս միացե՞լ են նախաձեռնությանը, այս առումով ընկերությունը անհանգստանալու կարիք ունի՞, որովհետև մամուլում մի շարք անձանց հետ էին կապում՝ օրինակ Արմեն Սարգսյանի, Ռուբեն Վարդանյանի, Ստեփանյանը պատասխանեց. - «Լիդիան Արմենիան» կամ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը այն հազվադեպ ընկերություններից է այսօր ոլորտում գործող մեր երկրում, որ ցուցակված է միջազգային անվանի բորսաներից մեկում՝ օրինակ Տորոնտոյի արժեթղթերի բորսայում։ Դուք կարող եք մտնել մեր կայքէջ և ծանոթանալ բաժնետերերին և դուք կտեսնեք, որ դրանք հիմնականում ինստիտուցիոնալ բաժնետերեր են»։
Հարցին էլ՝ բնապահպանական տեսչության ղեկավարի աշխատանքից հեռացման հետ կապված որևէ առնչություն ունեցե՞լ է Ամուլսարը, քանի որ մամուլում որոշ շրջանակներում կապվեց քաղաքական վերնախավի և նրա ունեցած անհամաձայնությանը՝ Ամուլսարի շահագործման հետ կապված, Արմեն Ստեփանյանը պատասխանեց. - «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում։ Ես ասեմ ավելին, եթե մեր հետ կապված լիներ դա շատ ավելի շուտ պետք է արվեր։ Մենք որևիցե կերպ չենք կապում մեր գործունեության հետ»։
Հունվարի 21-ին՝ նշանակումից յոթ ամիս անց, վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ում ղեկավարած կառույցը ստուգումներ էր իրականացրել պղնձամոլիբդենային կոմբինատում և պատրաստվում էր ամփոփել դրա արդյունքները։ Կառույցը նաև ստուգումներ էր անցկացրել «Լիդիան»-ում և առաջարկել էր նախարարությանը նոր բնապահպահնական փորձաքննություն իրականացնել մինչ հանքի շահագործումը սկսելը։ Մամուլը Գրիգորյանի հեռացումը կապել էր այս ընկերություններում կատարված աշխատանքի հետ։ Այսօր, սակայն, մետաղական հանքերի ներկայացուցիչները հերքեցին իրենց առնչությունը այս որոշմանը: