Միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում կոնսենսուս ունի՝ բացառել ուժի կիրառումը. Կարասին

Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց, թե Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն:

«[Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկվա հանդիպմանը] Իհարկե, քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի թեման, ողջունեցինք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ցանկություն հայտնեցինք, որ այդ հանդիպումները շարունակվեն: Այդ ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները․․․ Առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն, ինչպես ես եմ հասկանում՝ և՛ նախարարների, և՛ առաջնորդների մակարդակով: Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի դրանք բովանդակալից լինեն, իրական արդյունքներ ունենան և առաջընթաց արձանագրեն: Բայց այս պահին չափազանց կարևոր է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի ու հանգիստ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին բնորոշ է այդ հանգստությունը, իրադրության համեմատաբար կանխատեսելիությունը: Պետք է շարունակել այդ ոգով», - նշեց Կարասինը՝ շարունակելով․ - «Այդ առումով միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս․ բոլոր մասնակիցները, եռանախագահներ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը՝ բոլորը համակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: Իսկ ահա բանակցությունների անցկացումը, քայլերի հաջորդականությունը, դրանց արդյունքը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համար, այդ թեման շատ արդիական է, բայց հարցը պետք է քննարկվի հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ անցած տարվա մայիսից ի վեր, Նիկոլ Փաշինյանն արդեն չորս անգամ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ընդ որում, շուրջ մեկ շաբաթ առաջ կայացած դավոսյան հանդիպումը տևեց մոտ ժամ ու կես և հաջորդեց դրանից ճի՛շտ մեկ շաբաթ առաջ Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորսժամանոց հանդիպմանը, որի արդյունքում, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների, նախարարները «համաձայնեցին բնակչություններին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ»:

Հարցին, թե հնարավոր է, որ այս տարի «ճեղքում» արձանագրվի բանակցություններում, Կարասինը պատասխանեց․ - «Շատ բարդ հարց է դա: Իհարկե, բոլորը կուզենային, որ այս խնդրի լուծման հարցում արագ առաջընթաց արձանագրվեր, բայց պետք է իրատես լինել և հենվել առողջ բանականության և այն բանակցությունների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահների օգնությամբ»:

Գրիգորի Կարասինը, ով ընդհանուր առմամբ մոտ տասնչորս տարի զբաղեցում է Ռուսաստանի փոխարտգործնախարարի պաշտոնը, և այդ գերատեսչությունում համակարգում է ԱՊՀ երկրների հետ Մոսկվայի հարաբերությունները, երեկ է ժամանել Երևան: Երեկ երեկոյան նրան ընդունել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։

Ռուսաստանցի դիվանագետն այսօր որոշ մանրամասներ հայտնեց, թե Մնացականյանի հետ երեկ՝ օրվա գրեթե կեսը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ: Ըստ Կարասինի, «կարևոր է կանխատեսլիությունը, երկու կողմն էլ դա շատ լավ հասկանում են»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ է գումարվելու՝ առևտրա-տնտեսական հարցերի շուրջ:

Այսօր Երևանում՝ Հայ-ռուսական համալսարանի այգում Կարասինը մասնակցեց ռուս դիվանագետ և բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: