Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, 24-ը օգոստոսի, 2018թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով այսօր երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:

Ըստ կառավարության հաղորդագրության, այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի Քյոլն քաղաքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: