Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու առիթ և բավարար հիմքեր՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Քննչական կոմիտեն։
«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել էր բանտում, հունվարի 26-ին՝ սրտամկանի ինֆարկտից։ Խարդախության և կաշառքի միջնորդության համար մեղադրվող Եղիազարյանը կալանավորվել էր դեկտեմբերի 5-ին և հենց նույն օրն էլ հացադուլ հայտարարել, որը տևել էր 44 օր։ Նա հացադուլը դադարեցրել էր հունվարի 17-ին ու տեղափոխվել «Նուբարաշենի» բուժմաս, որտեղ էլ մահացել էր։
Եղիազարյանի պաշտպանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ եթե 44-օրյա հացադուլից հետո Եղիազարյանը բուժվեր ոչ թե «Նուբարաշենի» բուժմասում, այլ քաղաքացիական հիվանդանոցում, հնարավոր է՝ նա այսօր ողջ լիներ։