Ասաց՝ մոտ մեկ շաբաթ առաջ արած իր հայտարարությունից հետո նաև քաղաքացիներից է տեղեկություններ ստանում տարիներ շարունակ կատարված ապօրինությունների մասին: Խաչատրյանը հայտարարել էր, թե ընդգրկված լինելով Գյումրիի տնակների հաշվառման գործընթացում՝ իր ձեռքի տակ է հայտնվել տվյալների բազա, որի ուսումնասիրությամբ, օրինակ, պարզել է, որ երկրաշարժին փլված մեկ բնակարանի դիմաց 6-ն է հատկացվել, կամ նույն անձը 3 բնակարան է ստացել:
«Միայն անցած շաբաթվա ընթացքում 47 դիմում եմ ստացել տարբեր բնակիչների կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, եվրոպական այլ երկրներից, մի շարք երկրներից տարբեր մարդիկ, թե՛ զանգի միջոցով, թե՛ Ֆեյսբուքի միջոցով ինձ հետ կապի են դուրս եկել, պատրաստակամություն են հայտնել իրենց ձեռքի տակ եղած փաստերը ինձ տրամադրել», - ասաց Մհեր Խաչատրյանը։
88-ի երկրաշարժի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, Գյումրիում շուրջ 20 հազար 600 բնակարան է փլուզվել, կառուցվել է 21 հազարը: Մհեր Խաչատրյանը պնդում է՝ իր հրապարակած նյութերից հետո հայտնվել են մարդիկ, ովքեր նոր են բացահայտել, որ իրենց փլված մեկ բնակարանի դիմաց մի քանի տներ են տրամադրվել իրենց ընտանիքի հետ կապ չունեցող այլ անձանց:
«Փաստաթղթերով որոշ ժամանակ անց բնակարան է ստանում ընտանիքի մի մասը, իսկ մյուս մասը ընդհանրապես տեղյակ չի եղել։ Բայց հետաքրքիրն այն է, որ այդ հասցեի վրա փաստաթղթերի մեջ կան այլ մարդիկ, ովքեր որ ընդհանրապես իրենց ծանոթ չեն, իրենք ասում են՝ նման մարդիկ մեզ հետ որևիցե առնչություն չունեն, մենք, որ ապրել ենք, մեր ընտանիքի մեջ էդպես մարդ չի եղել։ Հետևաբար նաև բնակբաշխման գործընթացի մեջ տեսնում ենք, որ այդ մարդիկ էլ են բնակարաններ ստացել այդ հասցեով», - նշեց Խաչատրյանը։
Մհեր Խաչատրյանի հայտարարության հետքերով Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիականության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավարն ասաց՝ ձեռքի տակ եղած փաստերը արդեն փոխանցել է իրավապահներին: Խաչատրյանի խոսքով՝ ոստիկաններն արդեն արձանագրել են դեպքեր, երբ, ըստ փաստաթղթի, տնակը քանդված է, քանդման ակտն էլ հանձանժողովի կողմից ստորագրված է, սակայն կառույցը փաստացի կա:
«Հրավիրել են, գնացել, բացատրությունը տվել եմ, նաև էդ քաղման ակտերի հետ կապված տնակների տեղերը ցույց տվել եմ, արձանագրությունը կազմել են։ Հստակ գործընթացը ընթացքի մեջ է», - ընդգծեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավարը։
Մհեր Խաչատրյանն այսօր նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրեց չարաշահումներ թույլ տալու մեջ:
«Մի քանի դեպքեր եմ, էսպես ասած, բացահայտել, որ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների մեջ էլ կա ֆինանսական չարաշահումներ նախկին տնօրենի կողմից։ Կոնկրետ այդ ամեն ինչը, հիմքերը, փաստերը իմ ձեռքի տակ կա», - ասաց նա։
Ասուլիսը չավարտված՝ Ղարիբ Հարությունյանն ու հիմնադրամի մեկ այլ անդամ եկան ու հայտարարեցին․ «Այս ասուլիսը ունի քաղաքական ենթատեքստ և մեզ համար հայտնի է այդ քաղաքական ենթատեքստը, մեզ համար հայտնի են նաև այս երիտասարդին ուղորդողները։ Հիմնադրամի տնօրենը զբաղված է ինքնագործունեությամբ։ Երիտասարդը հայտարարում է ինչ-որ չարաշահումների, ինչ-որ կեղծ խոսակցություններ է անում, նման արտահայտություններ է անում, երբ որ հանաձնում-ընդունում տեղի չի ունեցել»։
Հետո բանավեճ ծավալվեց հիմանդրամի ներկա ու նախկին տնօրենների միջև: Հիմանդամի հոգաբարձուների խորհրդի մյուս անդամ Աստղիկ Հովսեփյանը ասաց՝ շատ հարցերի պատասխան կտրվի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստում։
«Քննարկումը կլինի հիմնադրամի նիստից հետո։ Այդ հարցը բաց է մնում, բայց ներքին քննարկումից հետո, քանի որ տվյալ պահին խոսքը գնում է հիմնադրամի անունի մասին», - նշեց Աստղիկ Հովսեփյանը։