«Քանի դեռ ունենք ժամկետային զինծառայողներ, քանի դեռ ունենք գերլարված ծառայություն առաջնագծում, շատ մեծ ջանքեր են հարկավոր բանակում ոչ կանոնադրական հարաբերություններից զոհերի թիվը նվազեցնելու համար», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշելով, որ ըստ վիճակագրության, բանակում ոչ կանոնադրական հարաբերություններից զոհերի թիվն ավելի մեծ է, քան՝ հակառակորդի գործողություններից, օգտատերը հարցրել էր, թե ինչպե՞ս է տեսնում այս խնդրի լուծումը։
Հովհաննիսյան. - Խնդրի լուծումը տեսնում ենք մի քանի գործառույթների իրականացմամբ. առաջին հերթին՝ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող, գործի լավ իմացությամբ օժտված կրտսեր սպայական և սերժանտական կազմ ունենալն է Զինված ուժերում։ Ցավոք, լիարժեք զրոյացնել այդ թվերը շատ պրոբլեմատիկ և դժվար է՝ մի քանի պատճառով, որովհետև անկախ նրանից մենք կոնկրետ իրավական փաստաթղթում՝ իրավաբանորեն դա անվանում ենք ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով եղած դեպք, թե՝ ոչ, իրենք, ցավոք, շատ ուղիղ կապ ունեն լարված մարտական ծառայության, այսինքն, ասել է թե՝ հակառակորդի հետ շփման պայմաններում գտնվող ստորաբաժանումների գերլարված ծառայության հետ։ Քանի դեռ մենք ունենք ժամկետային զինծառայողներ, քանի դեռ մենք ունենք գերլարված ծառայություն առաջնագծում, ցավոք, շատ մեծ ջանքեր են պետք, որպեսզի այդ թվական ցուցանիշներն իջեցնենք։ Ծառայության մեջ՝ անզգույշ կրակոցից, կամ, չգիտեմ, վեճի արդյունքում առաջացած անզգույշ քայլերից զերծ պահելու հավանականությունը զրոյացնել շատ դժվար է։
«Ազատություն». - Դուք այստեղ գերհոգնածությունն եք մեջբերում, դիտավորությունը չե՞ք մեջբերում։
Հովհաննիսյան. - Չէ, վստահ եղեք, մենք շատ լավ տիրապետում ենք ստատիստիկային։
«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, Սեյրան Օհանյանի օրոք էլ եք չէ՞ աշխատել։
Հովհաննիսյան. - Սեյրան Օհանյանը, կարող եմ ասել այսպես՝ էդ բառն իր մեջ շատ բան է ամփոփում, իմ առաջին նախարարն է եղել, հետո՝ Վիգեն Սարգսյան, և հիմա արդեն՝ Դավիթ Տոնոյան։
«Ազատություն». - Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատելը, ո՞վ է ավելի հեշտ գնում կոնտակտի, ո՞վ ճանապարհը չի բարդացնում։
Հովհաննիսյան. - Միգուցե Դավիթ Տոնոյանը, բայց ասեմ ինչու, օրինակ, ես Սեյրան Օհանյանի հետ շատ սիրով եմ աշխատել, էլի եմ կրկնում, ինքն ինձ համար առաջին նախարար է եղել բառիս բուն իմաստով, բայց ի վերջո Սեյրան Օհանյանը գեներալ-գնդապետ էր և ես էլ կապիտան եմ եղել, որ էս պաշտոնում նշանակվել եմ, միշտ զգաստ եմ եղել, ձգված եմ եղել, միգուցե դրա համար, իսկ Դավիթ Տոնոյանը, քանի որ այն ժամանակ եղել է առաջին փոխնախարար և մենք ավելի շատ ենք շփվել իրար հետ, միգուցե էս զուտ ֆորմալի մասին է խոսքը, իսկ ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ պրոֆեսիոնալիզմը գնահատելու և կարևորելու և հանձնարությունները տալու ու վերահսկելու մեխանիզմների տեսանկյունից կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի և Դավիթ Տոնոյանի մեջ շատ նմանություն կա, և ես, օրինակ, շատ ավելի կոնֆորտային եմ այս առումով զգում։
«Ազատություն». - Ինչպե՞ս է Պաշտպանության նախարարությունը վերաբերվում «Մարտի 1»-ի գործով բանակի միանգամից երեք գեներալ-գնդապետներին մեղադրանք առաջադրելու փաստին։
Հովհաննիսյան. - Անկեղծ ասած, կխուսափեմ այս հարցին պատասխանելուց՝ երկու պատճառով. նախ՝ այն քաղաքական բնույթ ունի, երկրորդ՝ իրավական տիրույթի հարց է։
«Ազատություն». - Նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է այս հարցին՝ ասելով, որ այն հանգամանքը, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում նախկին բարձրաստիճան զինվորականներին մեղադրանքներ են առաջադրվել, «ազդում է Զինված ուժերի տրամադրության վրա»:
Հովհաննիսյան. - Բավարարվեք նախարարի պատասխանով։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․