Սեյրան Օհանյան․ «Բանակը արտակարգ դրություն մտցնելուց հետո է խնդիր կատարել»

«Ազատություն»․ - Այսօր մի շարք քրեական գործեր կան հարուցված, որոնք հիմքում այն է, որ 2008 թվականի դեպքերի ժամանակ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում: Նաև Դուք քրեական գործով անցնում եք: Ի՞նչ կարող եք ասել՝ 2008 թվականի այդ դեպքերին բանակի ներգրավվածությունը ինչքա՞ն էր:

Օհանյան․ - 2008 թվականի հետընտրական, մարտիմեկյան այդ ողբերգությունը մեր բոլորիս ցավն է: Բայց դրա հանգուցալուծումը մենք պետք է տանք ճիշտ քրեադատավարական գործունեությամբ, և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այսօր դատաիրավական համակարգը և փաստաբանական մի մեծ բանակ զբաղվում են դրանով: Պետք է համբերությամբ լցվենք և գործը տանենք մինչև վերջ: Ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ և բանակին, ինձ տրված մեղադրանքը ես չեմ ընդունել: Ես նշել եմ, որ այն ապօրինի է, որովհետև կան շատ հանգամանքներ, որ ես հետագայում կարող եմ պարզաբանել: Նաև պարզաբանել եմ՝ նույն 0038 հրամանի վերաբերյալ, որը գերատեսչական հրաման է, և բանակը հետընտրական այդ իրադարձություններին ներգրավվել է Հանրապետության նախագահի կողմից՝ պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը, արտակարգ դրություն մտցնելուց հետո: Մարտի 2-ի առավոտյան ես ինքս հայտարարել եմ, որ մտցված է արտակարգ դրություն, պահանջները այսպիսին են, Զինված ուժերը իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարևոր տարրերի, հույժ կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այն իրականացվել է օրենք հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում կայազորային և պահակային ծառայության կանոնագրքի համաձայն: Եվ ասել եմ, որ եթե խախտումներ լինեն, օրենսդրական մոտեցումներ պետք է լինեն: Այսինքն, մենք պետք է չթողնեինք, որ այդ օբյեկտները ինչ-որ վնաս կրեին:

«Ազատություն»․ - Դուք որ ասում եք, որ մեղադրանքը չեք ընդունում․ խոսքը վերաբերում է նրան, որ Դուք Ձեզ տրված հրամանից չէի՞ք կարող շեղվել, թե՞ Դուք մտածում եք, որ 0038 հրամանը օրինական է եղել:

Օհանյան․ - Հրամանը իրադրության հետ որևիցե մի կապ չունի: Ես դա բացատրել եմ։ Ես ուզում եմ ասել հետևյալը, որ բանակը արտակարգ դրություն մտցնելուց հետո է խնդիր կատարել: