Մնացականյանը մանրամասներ է հայտնում Մամեդյարովի հետ փարիզյան հանդիպումից

Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, ով Բանակի օրվա առթիվ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, լրագրողների հետ զրույցում այսօր մանրամասներ հայտնեց իր և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումից:

Մնացականյանը վերահաստատեց՝ Հայաստանի համար Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջնայինը Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի հարցերն են:

«Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը: Եվ ամենակարևորը՝ մենք ասել ենք, որ Հայաստանի համար կարգավիճակի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները», - մասնավորապես, ասաց Մնացականյանը:

Զոհրապ Մնացականյանը շեշտեց՝ հայկական կողմը չի շեղվել իր դիրքորոշումից, սակայն ինքը մտահոգված է, որ հանրության շրջանում այլ մեկնաբանություններ կան․ - «Ինձ մոտ որոշ չափով եղել է նաև զարմանք, որ մենք ինչ֊որ պարտվողականության տրամադրություն ունենք մեր հասարակությունում, թե մենք ինքնավստահությունն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ և կարիք չկա որևէ կերպ տեսնելու, որ ինչ֊որ կերպ լինում է մի բան, որ մենք որևէ կերպ խափանելու ենք մեր այդ դիրքորոշումները»:

Զոհրապ Մնացականյանին արձագանքեց Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, որը նույնպես Եռաբլուրում էր․ - «Հորդորում եմ, առաջարկում եմ, որպեսզի համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները նախ պետք է տարածաշրջանում կնքվի խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք չունենք այն փաստաթուղթը, որը միջազգային հանրությունը կճանաչի, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Ժողովուրդ, հիմա հարց եմ տալիս՝ դուք պատրա՞ստ եք խաղաղության: Պետք է ունենանք այն ֆորմատը, այն փաստթուղթը, որպեսզի դա անենք։ Հո մենք կռվարար ժողովուրդ չե՞նք: Մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել»:

Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունվարի 16-ին շուրջ չորս ժամ բանակցություններ էին վարել Փարիզում: Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել «մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը»:

«Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում: