ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցները Դերիպասկայի հետ կապվող երեք ընկերությունների նկատմամբ

Ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկա, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարել է ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ կապված երեք ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու մասին:

Դրան կտրականապես դեմ էր արտահայտվում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների վերացումը հիմնված է այն փաստի վրա, որ ալյումինային հսկա «Ռուսալ»-ը, դրա մայր ընկերություն En+-ը և «ԵվրոՍիբԷներգո» ընկերությունը «կրճատել են Օլեգ Դերիպասկայի ուղղակի և անուղղակի բաժնետոմսերի քանակը» և դադարեցրել նրա վերահսկողությունը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցած տարվա ապրիլին պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մագնատի և այն ընկերությունների նկատմամբ, որոնցում նա մեծ մասնաբաժին ունի: