Պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի, Հայաստանի և Արցախի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփել է 2018 թվականին զինված ուժերում իրականացված աշխատանքները, պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են, առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններում, հատկապես` զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով։
Զինված ուժերում իրականացված ստուգումների, զորավարժությունների և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: