Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոսկվայում պատասխանելով լրագրողների հարցերին, հույս է հայտնել, որ մոտ ապագայում կվերագործարկվի արդեն մեկ տարի աշխատանքը դադարեցրած Թեղուտի հանքավայրը։
Վարչապետը նշել է, որ ամենայն հավանականությամբ պայմանավորվածություն ձեռք կբերվի հանքի սեփականատեր հանդիսացող ռուսական ՎՏԲ բանկի ու ներդրումներ կատարելու և հանքավայրի կառավարումը ստանձնելու պատրաստակամություն հայտնած ընկերության միջև։
«Մենք աշխատում ենք ՎՏԲ բանկի հետ՝ Թեղուտի հանքավայրի խնդիր շուրջ, որը շատ կարևոր հարց է մեր Ալավերդու տարածաշրջանի համար։ Մենք հույս ունեինք, որ մինչև 2018 թվականի վերջը կհաջողվեր վերականգնել հանքավայրի աշխատանքը, բայց այնտեղ առաջացան դատական խնդիրներ։ Այժմ, որքան ես տեղեկացված եմ, այդ դատական խնդիրները լուծվում են, և մենք հույս ունենք՝ ՎՏԲ բանկը կարող է պայմանավորվել նոր օպերատորի հետ, որը ստանձնելու է Թեղուտի հանքավայրի կառավարումը և այլ գործառույթներ», ֊ մանրամասնել է Հայաստանի վարչապետը։
Հանքավայրի աշխատանքը դադարեցվել էր անցած տարեսկզբին։ Շահագործող «Թեղուտ» ընկերությունը, որը պատկանում էր «Վալլեքս» ընկերությունների խմբին, նախ հայտարարել էր, թե ընթացիկ վերանորոգման աշխատանքների պատճառով կարճատև դադար է վերցնում, հետո հայտնի դարձավ, որ պոչամբարի հետ կապված վտանգներ կան, ապա ավելի ուշ ընկերությունը հայտարարեց, որ ֆինանսական դժվարություններ ունեն և կորցրել են սեփականությունը հանքավայրի նկատմամբ։ Անցած տարեվերջին կառավարության անդամները վստահեցրին, թե աշխատանք են տանում հանքավայրը վերաշահագործելու և գործազուրկ դարձած 800 աշխատողներին իրենց աշխատատեղեր վերադարձնելու ուղղությամբ։ Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության է եկել «Ռուսական պղինձ» ընկերության հետ։ Ռուսական ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և Կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո ռուսաստանաբնակ գործարարն Ալավերդի քաղաքում անձամբ հանդիպեց հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին և նրանց համար ուրախալի լուր հայտնեց, թե շուտով կվերականգնվեն իրենց նախկին աշխատատեղերում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում եղել էր Ալավերդի քաղաքում և վստահեցրել, որ բոլոր միջոցները ձեռնարկում են Թեղուտի հանքավայրն ու Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերագործարկելու ուղղությամբ։
Ալավերդու գործարանը ևս դադարեցրել է աշխատանքը ՎՏԲ բանկի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները չկատարելու և ֆինանսական խնդիրների պատճառով։ Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ հանքավայրի նոր կառավարիչը, գործարար Նորայր Պետրոսյանի գլխավորությամբ, միջոցներ է ձեռնարկում պոչամբարում ստեղծված խնդիրները լուծելու համար։ Այդ նպատակով, ըստ հաշվարկների, անհրաժեշտ է 10-14 միլիոն դոլար։ Բայց դեռևս աշխատակիցները չեն ծանուցվել հանքի վերագործարկման մասին, ինչպես խոստացել էին տարեվերջին։
Ինչպես երեկ Մոսկվայում հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը, պատճառը դատական գործընթացներն են։ Հանքավայրի նախկին սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը և նրա հետ փոխկապակցված անձինք դատական հայցեր են ներկայացրել, որի պատճառով, ըստ իշխող կուսակցության անդամների և հանքավայրի նոր սեփականատիրոջ ներկայացուցիչների, գործընթացը դանդաղում է։ Հանքավայրի նախկին սեփականատիրոջ 10 տարվա գործընկեր «Կ-արաստ» ընկերությունը դիմել է դատարան «Թեղուտ» ընկերությունը լուծարելու պահանջով։ Իսկ հանքավայրի նկատմամբ սեփականության իրավունքը կորցրած «Վալլեսքս» ընկերության փոխնախագահ Սահակ Կարապետյանը դատարանում վիճարկում է իրեն «Թեղուտ» ընկերության տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը։