Տիգրան Մանսուրյան․ «Էդ պահը, որ պիտի վերջապես թողնեմ ինձ ազատ, դեռ չկա»

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 25-ը հունվարի, 2019թ․

Տիգրան Մանսուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագում էր իր ամենասիրած երաժշտական հատվածներից մեկը՝ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի համար իր գրած երաժշտությունից:

Հունվարի 27-ը Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Լրանում է անվանի կոմպոզիտորի ծննդյան 80-ամյա հոբելյանը, որը մաեստրոն պատրաստվում է նշել ընտանեկան միջավայրում, իսկ նրա ծննդյան հոբելյանական համերգն էլ նույն օրը կկայանա օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելեսում՝ Zipper Hall դահլիճում: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր տարիներին գրված ստեղծագործությունները՝ այդ թվում և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը, համերգին մասնակցելու է աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը: Իհարկե, տարվա ընթացքում սա միակ հոբելյանական համերգը չի լինելու։

Հաջորդ հոբելյանական համերգը տեղի կունենա արդեն Երևանում՝ հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Մարտին էլ երկու համերգ տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի, նվագախմբի և մեներգիչների մասնակցությամբ, տարվա ընթացքում նախատեսված են նաև հոբելյանական համերգներ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ, նախատեսված են համերգներ նաև այլ երկրներում, մի խոսքով՝ տարին իրոք հոբելյանական է լինելու։

Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ իր ծննդյան կամ այլ տոնական օրերին անգամ ինքը միշտ շարունակում է աշխատել։ «Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան», - ասաց Մանսուրյանը։

Անգամ հոբելյանական այս օրերին մաեստրոն չի կարողանում հանրագումարի բերել իր զգացողությունները անցած ողջ ստեղծագործական կյանքի ընդգրկմամբ: «Ճիշտն ասած չեմ կարողանում դրան հասնել, որովհետև պարտականություններս այնքան շատ են ամենօրյա, ամենժամյա։ Խառը ժամանակ է, և ինքս ինձ հետևելու, հաշիվ տալու ժամանակը դեռ չի գոյացել», - նշեց Մանսուրյանը։

Իր ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրոն, պատասխանելով բազմաթիվ հարցերի, ինքն ասես ճեպանկարեց իր իսկ կերպարը, մարդկային խորունկ էությունն ու անկատար մնացած երազանքները։

Ինչպես ինքն էր շեշտում՝ իր անցած ստեղծագործական ուղին «ծայրահեղ հագեցած էր՝ երաժշտության ճանապարհ մտնելու ամենասկզբից մինչև էսօր, մի լուրջ կռիվ է, տևական մի մեծ կռիվ է կայացման, և էդ պահը, որ պիտի վերջապես թողնեմ ինձ ազատ, դեռ չկա»։

Դրա փոխարեն կան անկատար երազանքներ, հոգոց հանելով էր ասում, որ շատ բան չի հասցրել անել. - «Վերջին տարիներս էնքան բաներ եմ հայտնաբերել, որ պետք է սովորած լինեի, պետք է դրանով զբաղված լինեի։ Երազանքներ ունեմ, որ էդպես էլ մնացին անկատար։ Երբ մարդը գիտի լատիներեն լեզու, նա ուրիշ մարդ է։ Դա չեղավ: Ես անգլերեն չսովորեցի, շատ եմ ցավում, մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ։ Հինգ պիես է թողել, որոնք աշխարհում համարվում են Շեքսպիրից հետո ամենաշատ ընթերցվող պիեսները։ Հետաքրքրությունները շատ են, ես սրանցով զբաղվում եմ հիմնականում գիշերները, երբ ոչ մի զանգ չի լինում»։

Մի բան, սակայն, լավ է սովորել, այն էլ՝ Ֆոլկներից․ - «Պարտվել իմանալ է պետք։ Ես 10 տարի տվել եմ Ֆոլկներին, այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ մեկը չի սովորեցրել՝ գավառի այդ հսկան, Նոբելյան մրցանակի հասած։ Պետք է կարողանալ պարտվել հանուն հիմնականի, որ չկորցնես հիմնականի հետ քո կապը, քո եռանդը, քո հավատքը»։

Մաեստրոն ցավում է, որ չէր հավատում, չէր պատկերացնում, իր խոսքով՝ Սովետի կործանումը։

«Մեծ կորուստների գնով ունեցանք այս անկախությունը, թեև հիմնականում եղավ Արցախը։ Դա մեծագույն երևույթն էր, որ մեր ժողովրդի կյանքում, մեր պատմության ընթացքում տեղի ունեցավ», - ասաց մաեստրոն։

«Ազատության» հարցին՝ տաղանդավոր ուժեր տեսնո՞ւմ է երիտասարդ կոմպոզիտորների մեջ, Մանսուրյանը պատասխանեց. - «Իհարկե, ես շատ սիրում եմ Արթուր Ավանեսովին՝ և՛ տաղանդավոր, զարգացած, հրաշալի, համակողմանի երաժիշտ, թե՛ դաշնակահար, թե՛ տեսաբան, ընդ որում՝ թեզ պաշտպանած իբրև երաժշտագետ, նաև՝ կոմպոզիտոր, որը, ցավոք սրտի, մեր միջավայրին դեռ ծանոթ չէ։ Եթե իմ ֆիլմերի երաժշտությունը չլիներ, ես էլ կլինեի Արթուրի պես կամ շատերի պես, որոնք լուրջ երաժշտություն են անում, բայց շատ քչերը գիտեն։ Ինձ ճանաչելը ֆիլմերից է գալիս, որին ես 20 տարի տվեցի՝ 1964-ից 1984 թվականներ։ Ինտենսիվ աշխատել եմ 100-ից ավելի ֆիլմերում»։