Հայաստանին հատկացված ավելի քան 730 միլիոն եվրոյի ծրագրի իրականացումը «կմոտեցնի Երևանին ու Բրյուսելին»

Եվրամիության ու Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին հատկացված ավելի քան 730 միլիոն եվրոյի ծրագրի իրականացումը կմոտեցնի Երևանին ու Բրյուսելին՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Օրեր առաջ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը հայտարարեցին ենթակառուցվածքային մեծ ծրագրի՝ TEN-T-ի մասին, որի նպատակն է բարելավել հաղորդակցական, տրանսպորտային ենթակառուցվածքները Արևելյան Եվրոպայում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կօգնի խթանել տնտեսությունը, բարելավել կյանքի որակն ու հաղորդակցությունը: Հաղորդակցությունը Եվրամիության ռազմավարական նպատակներից է: Ցանկանում ենք, որպեսզի Արևելյան Եվրոպայի երկրները ավելի լավ կապված լինեն, և հուսով եմ, որ այս ծրագրի իրականացումը իրական օգուտներ կբերի նաև Հայաստանին: Այս ծրագիրը տպավորիչ գումար է նախատեսում Հայաստանում իրականացվելիք նախագծերի համար: Թույլ տվեք նշել, որ TEN-T-ի ծրագրում տեղ գտած նախագծերը ընտրվել են տեխնիկական չափորոշիչների հիման վրա, ինչը նշանակում է, որ որոշիչ է եղել տվյալ երկրի կարիքը, ծրագրերը, թե որքան ճկուն է կառավարությունը ծախսեր անելիս, և ծրագրերի հասունությունը: Այս ծրագրում քաղաքական որևէ տարր չկա: Այս ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով տնտեսական, ֆինանսական և տեխնիկական չափորոշիչները», - մանրամասնեց դեսպանը:

TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030թ․ 12.8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևելյան գործընկերության մաս կազմող վեց երկրներում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Միջոցներն ուղղվելու են ավտոճանապարհների, երկաթուղիների, օդանավակայանների ու նավահանգիստների արդիականացմանը: Հայաստանին հատկացվելու է 732 միլիոն եվրո:

«Որոշ ծրագրեր արդեն կյանքի են կոչվում Հայաստանում: Թույլ տվեք ընդգծել, որ Եվրամիությունը էական աջակցություն է ցուցաբերում «Հյուսիս-Հարավ» միջանցքին: Այն հայաստանցիները, ովքեր Երևանից ճանապարհորդում են Գյումրի, տեսել են Եվրամիության դեղին աստղերը և Հայաստանի դրոշները Լանջիկից մինչև Գյումրի: Եվրամիությունը ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել, ինչպես նաև ավելի քան 60 միլիոն եվրո վարկ՝ Ներդրումների եվրոպական բանկից: Ներկայում իրականացվող մեկ այլ ծրագիր է Վանաձորից, Ալավերդիի մոտով մինչև Վրաստանի հետ սահման վերանորոգվող ճանապարհը, և այս ծրագրին արդեն իսկ հատկացվել է ավելի քան 30 միլիոն եվրո վարկ, բացի այդ առջևում է 5 միլիոն եվրո դրամաշնորհը: Տեղյակ եք, որ մեր առաջնահերթությունների ցանկում այլ նախագծեր էլ կան, օրինակ Մեղրիի անցակետի կառուցումը: Եվրամիությունն արդեն հատկացրել է ավելի քան 10 միլիոն եվրո՝ օգնելու Հայաստանին բարելավելու սահմանահատումների կառավարման որակը: Հայաստանցիներն արդեն քաջածանոթ են երկրի հյուսիսային սահմանին տեղակայված՝ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերին: Այժմ մենք ուշադրություն ենք դարձնում հարավային սահմանին: Վստահ եմ, որ հաղորդակցության այս հսկայական ծրագիրը կմոտեցնի Հայաստանին ու Եվրամիությանը», - նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

TEN-T ծրագրի շրջանակում Հայաստանի համար առանձնացված ներդրումների չափը ամենափոքրն է, մինչդեռ օրինակ հարևան Ադրբեջանին հատկացվել է 2 միլիարդ 78 միլիոն եվրո, իսկ Վրաստանին՝ էլ ավելի շատ՝ 3 միլիարդ 417 միլիոն:

«Ինչպես ասացի, նախագծերի կարևորությունը որոշելու միակ չափորոշիչը տեխնիկական չափորոշիչն է: Հայկական կողմը Բրյուսելի հետ ուղիղ քննարկումների մեջ էր՝ նշելով իր առաջնահերթություն, սպասումները, և այն, ինչ մենք ունենք այս նախնական տարբերակում, արտահայտում է հայկական կողմի սպասումները», - այս առնչությամբ մեկնաբանեց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը «նորմալ» գնահատեց Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքը եվրոպական երկրներում․ - «Կարծում եմ, համաձայնագրի վավերացումը նորմալ է ընթանում: Վերջերս Միացյալ Թագավորությունը վավերացրեց համաձայնագիրը: Այժմ Եվրամիության տասը երկիր վավերացրել են փաստաթուղթը: Շարժվում ենք առաջ: Նորմալ տարբերակով վավերացման գործընթացը տևում է երկուսից երեք տարի, և որևէ պատճառ չունենք մտահոգվելու, որ այս գործընթացը կդանդաղի կամ կբարդանա որևէ պատճառով»: