Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել բուժման նպատակով մեկնել արտերկիր

Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է «կաշառք ստանալուն օժանդակելու» մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։

Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանը՝ հավելելով՝ համապատասխան միջնորդությունը երեկ ներկայացրել է նախաքննական մարմնին, որն էլ երեկոյան բավարարվել է:

Մայրապետյանը, նրա խոսքով, առաջիկա օրերին արդեն կմեկնի Գերմանիա՝ վիրահատության:

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Գործարարին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել: Չհրապարակելով, թե ինչ գործի շրջանակում է մեղադրվում Մայրապետյանը` ՀՔԾ-ն հայտարարում է, որ խոսքը խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամին համարժեք մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: ՀՔԾՆ վերադարձրել էր Մայրապետյանի անձնագիրը, սակայն առանց նախաքննական մարմնի թույլտվության նա չէր կարող դուրս գալ երկրից:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ Մայրապետյանին թույլատրել են Հայաստանից դուրս գալ՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով երկու օր առաջ հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը․ - «Այդ եզրակացության համաձայն Սամվել Մայրապետյանին ցուցված է կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, որը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում, ուստի վարույթն իրականացվող մարմնի կողմից Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել բուժման նպատակով մեկնել արտերկիր»:

Տարեվերջին Մայրապետյանի գրավի դիմաց էր ազատ արձակվել, Մարինա Օհանջանյանի խոսքով, այժմ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը․ - «Հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել մեկնել երկրից: Յուրաքանչյուրի կողմից մուծվել է 15 միլիոն դրամ: Ի դեպ՝ երաշխավորների կողմից իրենց պարտականությունը չկատարելը հանգեցնում է պատասխանատվության, ինչի մասին տեղեկացվել են երաշխավորություն տված անձինք»:

ՀՔԾ-ից չհրապարակեցին երաշխավորների անունները:

Գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել են Հերացու անվան բժշկական համալսարանի Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանն ու Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Տեր Վահրամի հետ կապ հաստատել չհաջողվեց, պրոֆեսոր Ֆանարջյանի խոսքով՝ ինքը Մայրապետյանի համար անձնական երաշխավորությունը տվել է՝ զուտ բժշկական նկատառումներից ելնելով։ Հիվանդության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ նրա արտասահման մեկնելն, ասաց, անհրաժեշտություն է։ 15 միլիոն դրամն իր անձնական միջոցներից է մուծել, թե՝ Մայրապետյանն է տվել, հարցին կոնկրետ չպատասխանեց՝ համարելով, թե՝ «դա այդքան էլ էական չէ»։ Հույս հայտնեց, որ Մայրապետյանը, այնուամենայնիվ, կվերադառնա: Ի դեպ, Մայրապետյանի կինը՝ Գոհար Քյալյանը 2006-2011 թվականներին եղել է Բժշկականի ռեկտորը:

Մայրապետյանի փաստաբանը կարծում է՝ նախաքննական մարմինը, չպետք է մտահոգություն ունենա, թե իր պաշտպանյալը կարող է արտասահմանում թաքնվել: Բայց, Բատիկյանն ասաց, վստահ է միայն ինքն իր վրա:

«Այս պահին կոնկրետ Մայրապետյանի կյանքի հարցն է լուծվում: Կվերջացնի ամեն ինչը՝ այդ վիրահատությունը, կվերադառնա ու կմասնակցի բոլոր քննչական ու դատավարական գործողություններին», - վստահեցրեց փաստաբանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ «այսինքն վստա՞հ եք, որ նա կվերադառնա», Կարեն Բատիկյանն արձագանքեց․ - «Դե հիմա՝ ես կարող եմ միայն ինձ վրա վստահ լինել: Հիմա՝ ի՞նչ ասեմ․․ տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ, մարդու առողջական և մնացած հանգամանքների հետ կապված: Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ Սամվել Մայրապետյանը նման բան է մտածում, որ գնա ու էլ չվերադառնա՝ այս պահին նման մտահոգություն պիտի ո՛չ նախաքննական մարմինը ունենա, ո՛չ էլ լրատվամիջոցները: Բացարձակապես նման մտահոգության տեղիք ոչ ոք չի տվել»:

Մայրապետյանի փաստաբանները մինչև ՄԻԵԴ էին հասել՝ խնդրելով Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրն ու թույլատրել բուժման նպատակով մեկնել Գերմանիա: Եվրոպական դատարանը բավարարել էր միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բուժօգնություն:

Փաստաբան Բատիկյանն ասաց՝ չի կարող պնդել, թե Եվրադատարանի որոշման արդյունքում է նախաքննական մարմինը թույլատրել Մայրապետյանին մեկնել արտերկիր: Վերջին միջնորդության հիմքում, ըստ փաստաբանի, եղել է առողջապահության նախարարի հրամանով անցկացված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը: Բատիկյանը դժվարացավ նշել, թե ինչքան կտևի Մայրապետյանի բուժումը Գերմանիայում: - «Պարտավորություն ենք վերցրել՝ նրա գտնվելու տեղի, վերադառնալու ժամկետների, ընդհանուր բոլոր զարգացումների վերաբերյալ ներկայացնել գրավոր նախաքննական մարմնին: Բացարձակապես այլևայլություններ տեղի չեն ունենալու», - հայտարարեց փաստաբանը:

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: