Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Թբիլիսիին՝ Ախալքալաքի հայաբնակ Բուղաշի գյուղում Միխաիլ Ավագյանի կիսանդրին կանգնեցնելու համար: Ադրբեջանական կողմը պնդում է, թե Ավագյանը մասնակցել է ադրբեջանական հողերի օկուպացիային և Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին:
«Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան այս հարցն անհապաղ կարգավորելու պահանջ է ներկայացվել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ տեղի ունեցածը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն:
Ըստ պաշտոնյայի, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը ևս հանդիպումներ է ունեցել Թբիլիսիի ներկայացուցիչների հետ և փոխանցել պաշտոնական Բաքվի դժգոհությունը:
Կիսանդրին բացվել էր անցած շաբաթավերջին, հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստան արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ դեսպանության դիվանագետների հետ, ինչպես նաև տեղի կառավարության ներկայացուցիչներ: