«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդես` Երևանում

Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի ազդագիրը, նոյեմբեր, 2018թ.

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդես է բացվել օրերս Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում, որտեղ ներկայացված են դեռ 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը Երևանի շենքերի պատերին, փողոցներում, մշակութային օջախների մուտքերի մոտ տեղադրված խիստ ուշագրավ պաստառները, որոնց շնորհիվ կարող ես ընդհանրական պատկերացում կազմել ոչ միայն Երևան քաղաքի պատմության, մշակութային անցուդարձի մասին, բնակիչների ժամանցի վայրերի, այլև ընդհանրապես հասարակական-սոցիալական իրավիճակի և հետաքրքրությունների մասին:

Ցուցահանդեսը ներկայացնում է Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը՝ սկսած 1870-ական թվականներից: Համերգների, ներկայացումների, ֆիլմերի ցուցադրության ազդագրերը, նաև սոցիալական ազդագրերը ծանուցում են, թե ինչ հետաքրքրություններ են ունեցել Երևանի բնակիչները այս կամ այն ժամանակաշրջանում՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ինչպիսին է եղել մայրաքաղաքային կյանքը իր բազմաթիվ դրսևորումներով:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով պաստառի ցուցահանդեսը նվիրված է մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյա հոբելյանին և իրականացվել է հոբելյանական միջոցառումների շրջանակներում՝ Մշակույթի նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Ցուցահանդեսը կազմակերպել, համադրել են երիտասարդ գեղանկարիչներ Զաքար Դեմիրճյանն ու Արթուր Աթայանը:

Ուշագրավ է, որ հենց առաջին իսկ հայացքից ցուցահանդեսում ներկայացված պաստառների շնորհիվ ակներև է դառնում, թե ինչ զարգացում է ապրել մշակութային կյանքը մեր մայրաքաղաքում, ովքեր են հանդես եկել մեր մայրաքաղաքում: Օրինակ, ակամայից անակնկալի ես գալիս, երբ աչքիդ առաջ հառնող պաստառին տեսնում ես Կոմիտաս վարդապետի անունը:1908 թվականի փետրվարին հրատարակված պաստառը տեղեկացնում է, որ Կոմիտաս վարդապետն իր ղեկավարած 80-հոգանոց երգչախմբով հանդես է գալու համերգով, 1927 թվականի փետրվարյան պաստառներից մեկն էլ տեղեկացնում է, որ Երևանում երեք ամիս շարունակ դասական համերգներով նշվելու է Լյուդվիգ Վան Բեթհովենի մահվան 100-ամյա տարելիցը: Հետաքրքրական է նաև, թե ինչպես կամ ում անուններով են կոչվել մշակութային սակավաթիվ օջախները կամ թատրոնները: Օրինակ, Ջանփոլադյանի անվան թատրոնը խորհրդային առաջին տարիներին կրել է Տրոցկու անունը: Գայանյան գիմնազիայում էլ հաճախ հանդես է եկել անվանի Սիրանույշն իր թատերախմբով:

Պաստառի ցուցահանդեսի այցելուները տարբեր սերնդի քաղաքացիներ են, և նրանց մեջ մեծ է երիտասարդների թիվը:

«Բացի քաղաքի պատմությունից, հետաքրքիր է, թե էն ժամանակ ինչպես ենք կազմել հետաքրքիր պոստերներ, օրինակ` Կոմիտաս վարդապետի համերգը կամ թատերական ինչ-որ պոստերները։ Ամեն ինչ ներառվել է մեջը։ Բացի էդ, ինչ-որ հետաքրքիր ճաշակ կա էս ամեն ինչի մեջ, մանավանդ էս թատերական պոստերների մեջ», - նշեց երիտասարդ այցելուներից մեկը։

Դե իսկ միջին և ավագ սերնդի այցելուներն էլ համոզված են, որ նմանատիպ ցուցահանդեսները կհետաքրքրեն բոլորին՝ թե՛ մայրաքաղաքի բնակիչներին, թե՛ դրսից ժամանած հյուրերին:

«Վերհիշում ենք անցյալը, հետաքրքիր, հին հայտարարությունները, հիշեցնում՝ մեր արվեստի պատմությունը, թատրոնի պատմությունը», - ասաց մեկ այլ այցելու։