Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Մխիթար Հայրապետյանը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը կգլխավորի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախկին նախարար, Մխիթար Հայրապետյանը։

«Այսօր Ազգային ժողովի Խորհրդի նիստում ձևավորվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը: Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում: Շնորհակալ եմ վստահության համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանը: