«Հին Երևան» նախագիծն իրականացնող ընկերությունը 14 միլիոն դրամ է տրամադրելու Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքի փլուզված պատը վերականգնելու և շենքն ամրացնելու համար, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, այդ մասին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ հերթական անգամ վերահաստատելով՝ ոչ մի հուշարձան Երևանում այլևս չի քանդվելու:
«Վերջապես լուծվեց հարցը։ Այսօր ստորագրվելու է պայմանագիր, ուրեմն «Էյ Էմ Սի»-ն՝ իրացնողը էդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք է ստորագրեն պայմանագիր։ Ուրեմն կառուցապատողը տալիս է 14 միլիոն դրամ իտալական ճարտարապետ Լուչիո Բեցին, որը գալու է Իտալիայից, որը պետք է կառուցի վերականգնման նախագիծը», - նշեց Մեսչյանը։
Գլխավոր ճարտարապետի այս հայտարարությունից օրեր առաջ, սակայն, «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող՝ տեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ է: Ավելի վաղ էլ շենքի սեփականատեր Տիգրան Հեքեքյանից տեղեկացել էինք, որ հուշարձանն անցած տարեվերջին գերակա շահ է ճանաչվել, ինչի կապակցությամբ Հեքեքյանը պատրաստվում է դատարան դիմել: Ի պատասխան «Ազատության» այս դիտարկմանը՝ Մեսչյանը հորդորեց «Հին Երևանի» գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանին նոր նախագիծ ներկայացնել:
«Եկա ես և ասեցի՝ ոչ։ Իմիջիայլոց, վարչապետն էլ, եթե հիշում եք, ասաց Արամի 23-ի մասին, որ՝ եկեք տեղափոխենք։ Կներեք, ես վարչապետին շատ եմ հարգում բոլոր հարցերում, բայց ճարտարապետական տեսանկյունից դա արդեն էն խնդիրն է, որ դա իմ պատասխանատվությունն է, և ես ասում եմ՝ ոչ։ Դրա համար ես հիմա Վարդանյան Լևոնին և Մշակույթի նախարարության հետ միասին կպահանջեմ, որ իրենք պատրաստեն էնպիսի նախագիծ, որը 100 տոկոսով ապահովում է գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, այսինքն, եթե պետք է ինչ-որ չափով ստորգետնյա ավտոկանգառը կրճատվի, ուրեմն պետք է կրճատվի, եթե պետք է կոնֆիգուրացիան փոխվի, ուրեմն պետք է փոխվի։ Մի մոռացեք՝ երբ որ ես եկա որպես գլխավոր ճարտարապետ, փոսը արդեն փորված էր, պատը արդեն ճաքած էր։ Այսինքն, ես արդեն փաստի եմ հանդիպել, և էդ ժամանակ էս օրենքը գործում էր։ Էն օրը, երբ որ պատը փլվեց, էս որոշումը ուժի մեջ էր։ Հիմա նոր են դիմել, որպեսզի չեղարկեն էս որոշումը», - ընդգծեց գլխավոր ճարտարապետը։
Անդրադառնալով Օպերայի հարակից տարածքը սրճարաններից ազատելու և կանաչապատելու հարցին՝ Մեսչյանն ասաց, որ սա դեռ նախագիծ է, գաղափար, վերջնաժամկետ դեռ չկա: Հիշեցնենք՝ քաղաքապետարանն օրերս հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքին պատկանող հողամասերը վարձակալած սրճարանների սեփականատերերին դրանք վերադարձնել քաղաքին, որպեսզի տարածքը կանաչապատվի: Կանաչապատման ենթակա գոտում գործում են «Շոկոլադնիցա», «Ջազվե», «Մոնթալ» ու «Ռիչ» սրճարանները:
«Ազատության» դիտարկմանը՝ արդյո՞ք արդարության սկզբունքը չի խաթարվում, երբ տարածքում շարունակելու են գործել այլ սրճարաններ, Մեսչյանն արձագանքեց՝ որոշումը պայմանավորված է ոչ թե անձերով, այլ քաղաքի շահով. - «Ինձ ոչ մականունով կվախացնեն, ոչ էլ անուն ազգանունով։ Իմ գլխին, իմ ղեկավարը իմ քաղաքն է»։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Մեսչյանից տեղեկացանք, որ քննարկվում է Նորքի զանգվածը ճոպանուղիով քաղաքի կենտրոնին կապելու հարցը, նախատեսվում է նաև մետրոյի երկու կայարան կառուցել Աջափնյակ համայնքում: Ժամկետներ այս դեպքում ևս չեն նշվում:
«Ելնելով նաև ստրատեգիական տեսանկյունից՝ մետրոյի կառուցումը առանձնապես էդ թաղամասում սարսափելի կարևոր է։ Մի մոռացեք մի բան, որ ժամանակին 250 միլիոն արդեն ծախսվել է էդ գծի վրա, որը մենք ուզում ենք շարունակել: Խոսքը չի գնում նոր ինչ-որ մի ծրագիր կազմելու, նոր նախագծային փաթեթներ ստեղծելու, ամեն ինչը կա՝ և՛ նախագծերը կան, և՛ հաշվարկները կան, մնում է ուղղակի ստարտը տալ», - ասաց Մեսչյանը։
Վերջին օրերին համացանցը ցնցած պետական պաշտոնյաների պարգևավճարների հարցը ևս չշրջանցվեց: «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ Ամանորից առաջ 1628 աշխատակիցներ պարգևատրվել են 474 միլիոն դրամի չափով։ Պարգևատրվածների շարքում է նաև Մեսչյանը, որը, սակայն, չգիտի այդ գումարի չափը։
«Տվյալ դեպքում, էդ գումարը, ինչպես ասում են՝ ոնց որ եկավ, նենց էլ գնաց։ Էդ գումարը, որ ասենք փոխանցվեց իմ հաշվեհամարի վրա, դա չի նշանակում, որ ես իմ մեկ սենյականոց բնակարանից տեղափոխվել եմ չորս սենյականոց բնակարան։ Գիտեք ինչ, ես շատ ուրախ կլինեի, որ բոլոր հիմնարկությունները, բոլորը ընդհանրապես դեկտեմբերի 25-ին կարողանային ստանային ոչ թե 13-րդ, այլ 20-րդ աշխատավարձը, թող չուզողը ես լինեմ։ Հիմա բյուջեի մեջ արդեն պլանավորված էր քաղաքապետարանի։ Որոշվեց էդպես անել», - ընդգծեց ճարտարապետը։
Անդրադառնալով 100 օրվա կատարած աշխատանքի ծավալներին՝ Մեսչյանն ասաց՝ որոշ բաներ ստացվել են, որոշ բաներ՝ գուցե ոչ այնքան: Ընդգծեց նաև՝ այս ընթացքում հասկացել է՝ ինչ պետք է անի, ինչ չպետք է անի: