«Մի գնացեք ՀՀՇ-ի ճանապարհով». բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ

«Մի գնացեք ՀՀՇ-ի ճանապարհով» կարգախոսով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Գասպարին հայտարարեց, որ անընդունելի է համարում բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը։

«Պետք է իշխանությունը ժողովրդի հետ պարզ ու շիտակ խոսի. դա քողարկել, թե «մենք էս կադրերին՝ մասնավորապես Արթուր Գրիգորյանին փոխարինում ենք ավելի լավ կադրերով», դա ուղղակիորեն անընդունելի է։ Սա սխալ ճանապարհ է, սա էն ոչ ճիշտ, ոչ շիտակ մոտեցումն է, սա այն է, ինչ կատարվեց ՀՀՇ-ի տարիներին, որին նույնպես ես համակրում էի և համախոհ էի, ինչպես «Իմ քայլը» դաշինքին», - ասաց Գասպարին՝ շարունակելով. - «Գործող իշխանության մեծամասնությանը մենք համարում ենք անփորձ, դրանց հանդուրժում ենք, իսկ ո՞ր թերությունն էր Արթուր Գրիգորյանի մոտ, որն անհանդուրժելի էր, անհետաձգելի էր և անհապաղ պետք էր նրան աշխատանքից ազատել»։

Հունվարի 21-ին Արթուր Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։