Այժմ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը՝ ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է․ Փաշինյան

Այժմ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է, հայտարարել է վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ Դավոսում «Կերտելով Ժողովրդավարության ապագան» վերնագրված քննարկման ժամանակ:

Այս քննարկմանը, որում հիմնականում խոսվում էր սոցիալական ցանցերի, կեղծ լուրերի դարաշրջանում ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներ մասին, Հայաստանի վարչապետից բացի մասնակցում էին նաև Կոլումբիայի և Նեպալի առաջնորդները:

Վարողն առաջին հարցը հենց Փաշինյանին ուղղեց․ ո՞րն է ամենամեծ մարտահրավերը ժողովրդավարության ճանապարհին: Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ անցած տարի ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ և այժմ ժողովրդավարության մեծ հաջողություններ ունենք, իսկ մարտահրավերը՝ քաղաքացուն տնտեսապես ավելի ուժեղ և անկախ դարձնել է:

«Եվ ամենամեծ մարտահրավերը՝ մեր ժողովրդավարությունը ուժեղացնելն է տնտեսապես: Բանն այն է, որ մենք տասնամյակներ շարունակ մեծ խնդիր ունեինք ընտրակաշառքների հետ կապված, երբ մարդիկ, իրենց աղքատության պատճառով, փաստացի ստիպված էին վաճառել իրենց ձայնը և քվեարկել ընտրակաշառքի դիմաց: Իհարկե, վերջին հեղափոխությունը մարդկանց ժամանակավորապես ազատեց այս իրավիճակից, բայց այժմ մեզ անհրաժեշտ է ուժեղացնել մեր քաղաքացիներին և նրանց դարձնել տնտեսապես ավելի անկախ», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այժմ պատրաստվում է միկրոբիզնեսը ազատել հարկերից՝ այսպիսով խրախուսելով քաղաքացիների քայլերը՝ աղքատությունը հաղթահարելու գործում, ու նաև պատրաստվում է պարզեցնել օրենսդրական դաշտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

«Մեր հիմնական մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես հզորացնելն է, և մենք հույս ունենք հրապուրել նոր օտարերկրյա ներդրողների, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ և օրենքի իրական գերիշխանություն հաստատել և մենք պատրաստվում ենք պարզեցնել օրենսդրական դաշտը՝ օտարերկրյա ներդրողներին հրապուրելու համար», - նշեց Փաշինյանը:


Ինչ վերաբերում է կառավարության և մամուլի փոխհարաբերություններին, Փաշինյանն ընդգծեց՝ նորմալ է, երբ մամուլի և գործադիր իշխանության միջև որոշակի լարվածություն կա։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը նախկին լրագրող, գլխավոր խմբագիր և քաղբանտարկյալ է և այժմ կարող է հայտարարել, որ Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ:

«Ոչ բոլոր լրագրողներն են ինձ հետ համաձայն, նրանք չափազանցված են համարում Հայաստանում լիակատար ազատ մամուլի մասին պնդումները, սակայն ես կարող եմ պնդել, որ մամուլը Հայաստանում ազատ է: Կարծում եմ՝ նորմալ է, որ կառավարության և մամուլի հարաբերություններում որոշակի լարվածություն լինի», - նշեց նա:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխությունը սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր եղավ իրագործել, և այժմ էլ ինքը ստիպված է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերների միջոցով կեղծ լուրերի դեմ պայքարել:

«Մենք մեր հեղափոխությունը սոցիալական ցանցերի միջոցով ենք իրականություն դարձրել, որովհետև մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, ու մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցիալական ցանցերը: Բայց հիմա էլ ես շարունակում եմ ուղիղ եթերներ անել իմ Ֆեսյբուքի էջում, և երբ ես փորձում եմ բացահայտել ինչ-որ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին, ինձ քննադատում են, թե ես մամուլի վրա ճնշում եմ գործադրում: Դա շատ հետաքրքիր իրավիճակ է», - պարզաբանեց Հայաստանի վարչապետը:

Ինչ վերաբերում է կեղծ լուրերին, Փաշինյանը նշեց, որ դրանք գուցե մեծ ազդեցություն չունենան, երբ մի քաղաքական ուժը նկատելի մեծամասնություն ունի, սակայն երբ ուժերը գրեթե հավասար են, ֆեյք նորություններն ի զորու են փոխել ընտրությունների արդյունքները: Սա խնդիր է և դեռ ոչ ոք չգիտի՝ ինչպես պայքարել երևույթի դեմ․ - «Շատ հնարավոր է, որ մեկ երկու կեղծ լուրեր, որ հրապարակվել են վերջին րոպեին, կարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա: Եվ դա իսկապես մեծ խնդիր է, ի՞նչ անել դրա հետ․․․ բայց ուզում եմ հպարտությամբ հայտարարել, որ Հայաստանը գնահատվել է որպես ազատ ինտերնետ ունեցող երկիր, իհարկե, այդ ազատությունը հնարավորություն է տալիս թափանցիկության և տեղեկատվության փոխանակման, բայց նաև իհարկե, մեծ դաշտ է բացում կեղծ լուրերի համար: Եվ կարող է ազդել իրական պատկերի վրա և՛ մեր երկրում, և՛ աշխարհում: Բայց եթե անկեղծ լինենք, ես չգիտեմ ինչ անել այս իրավիճակում, եթե մեկը գիտի, դա լավ լուր կլինի բոլորիս համար»:

Դավոսում տնտեսական համաժողովն իր աշխատանքները կավարտի հունվարի 25-ին, 1971 թվականից անցկացվող և մի քանի օրվա ընթացքում աշխարհի քաղաքական ու տնտեսական ազդեցիկ գործիչներին մեկտեղող համաժողովը համարվում է տնտեսական ու քաղաքական պայմանավորվածությունների կայացման միջազգային կարևոր հարթակներից մեկը: